Ինտերվենցիոն ռադիոլոգիան արդի բժշկության նոր ուղղություն է, դա ախտորոշիչ (դիագնոստիկ) ռադիոլոգիայի եւ  ինտերվենցիոն (միջամտական) բժշկության յուրատեսակ խառնուրդ է:  NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնի ինտերվենցիոն ռադիոլոգ Արամայիս Գալումյանը:

Նրա խոսքով՝ ինտերվենցիոն ռադիոլոգիայի հիմքերը դրվել են դեռ անցած դարի 20 –ական թվականներից, երբ ռենտգեն պատկերների հսկողության ներքո բժիշկները փորձում էին կատարել մինիմալ ինվազիվ  միջամտություններ: Ինտերվենցիոն ռադիոլոգիայի զարգացումը աշխարհում լայն թափ ստացավ վերջին 30 տարիների ընթացքում, կապված բժշկական տեխնոլոգիաների զարգացման, մասնավորապես ախտորոշիչ զանազան սարքավորումների հայտնաբերման եւ կլինիկական պրակտիկայում դրանց լայնորեն կիրառման հետ:

Ըստ Արամայիս Գալումյանի, ինտերվենցիոն ռադիոլոգը պետք է տիրապետի երկու մասնագիտության ՝ նա պետք է կարողանա վիրաբուժական միջամտություններ կատարել եւ մեկնաբանել ռադիոլոգիական պատկերները՝  ուլտրաձայնային հետազոտության (սոնոգրաֆիա), մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) ,  համակարգչային տոմոգրաֆիայի (ԿՏ):

Ճառագայթային դիագնոստիկայի սարքավորումների միջոցով բժիշկը օրգանիզմում հայտնաբերում է խնդրահարույց փոփոխություններ, (թարախակույտ, ուռուցքային ախտահարված օջախ եւ այլն),  իսկ ինտերվենցիոն ռադիոլոգը նույն պատկերների հսկողության ներքո  բարակ ասեղով օրինակ այդ ուռուցքից կամ թարախակույտից  մինիմալ ինվազիվ ճանապարհով կարող է ստանալ անհրաժեշտ նյութ հետազոտության նպատակով, որպեսզի ճշգրտվի հայտնաբերված փոփոխությունների բնույթը: Կամ այդ թարախակույտի մեջ տեղադրելով հատուկ դրենաժային կատետեր, կարող է էվակուացնել եւ բուժել հիվանդին:

 

Եթե ժամանակին ինտերվենցիոն ռադիոլոգիան (ԻՌ) ախտորոշիչ ռադիոլոգիայի ճյուղ էր հանդիսանում, այսօր այն աշխարհի զարգացած երկրներում լիակատար առանձին բժշկական դիսցիպլինա է, որը իր ենթաբաժիններով ընդգրկում է գրեթե բոլոր օրգան համակարգերը: ԻՌ-ն բաժանվում է երկու մեծ ենթաճյուղի ՝  վասկուլյար (անոթային) ինտերվենցիոն ռադիոլոգիա (ՎԻՌ)։  Մեր  բնակչությանը առավել ծանոթ է  սիրտ-անոթային համակարգի ինտերվենցիոն ռադիոլոգիան՝ օրինակ սիրտը սնուցող զարկերակների կորոնարոգրաֆիան,  ստենտավորումը եւ այլն:

ԻՌ-ի  մյուս մեծ ենթաբաժինը միջմաշկային (percutaneus) միջամտություններն են, որոնք մեր երկրում սկսել են կատարվել ավելի ուշ:

Վասկուլյար ինտերվենցիոն ռադիոլոգիան (ՎԻՌ) ներառում է ՝ կարդիովասկուլյար միջամտությունները, խոշոր մագիստրալ անոթների եւ պերիֆերիկ անոթների զանազան հիվանդությունների ժամանակ կատարվող միջամտությունները, գլխուղեղի անոթների միջամտությունները, սուր արյունահոսությունների էնդովասկուլյար դադարեցումները, ուռուցքների լոկոռեգիոնալ բուժումները, որոնք ժամանակակից օնկոլոգիայում արդեն ցուցադրել են բուժական մեծ էֆեկտներ: 

Միջմաշկային ԻՌ իր մեջ ներառում է տարբեր տեղակայման թարախակույտերի, պաթոլոգիկ հեղուկ կուտակումների ախտորոշումը եւ բուժումը, տարբեր օրգանական եւ արտաօրգանային տեղակայման ուռուցքային ախտահարումներից բիոպտատի ստացումը ճշգրիտ  հյուսվածաբանական  ախտորոշման նպատակով: Ուռուցքային օջախների տեղային ոչնչացումը ջերմային կամ քիմիական ազդակների ազդեցությամբ նույնպես հանգեցնում են արդյունավետ բուժական էֆեկտների:

ԻՌ-ի տարբեր տեխնոլոգիաների կիրառման առավել ցայտուն թիրախ օրգան է համարվում լյարդը: Lյարդի վրա կատարվող միջամտությունները ամենաշատն են: Լյարդի ուռուցքային ախտահարումներից կատարվում են  միջմաշկային բիոպսիաներ, թարախակույտերի կամ պարազիտար կիստաների (էխինակոկ) մինիմալ ինվազիվ դրենավորող միջամտություններ, ուռուցքների միջզարկերակային քիմիոէմբոլիզացիա (TACE). ուռուցքային օջախների ռադիոհաճախական աբլացիա (RFA). լեղուղիները խցանող զանազան հիվանդությունների ժամանակ (քարային կամ ուռուցքային արգելքներ) կատարվում են անտեգրադ էնդոբիլիար միջամտություններ: