Վատ քնից տառապող եւ ոչ բարեկեցիկ ընտանիքներում ապրող երեխաները մեծանալով ավելի հաճախ են չարաշահում մարիխուանան եւ ալկոհոլը, պարզել են ամերիկացի հոգեբանները:
«Եթե ծնողները երեխաներին առողջ եւ երկարատեւ քուն ապահովեն ուշ մանկության ընթացքում, կարելի է սպասել, որ ծխողների եւ թմրամոլների թիվը կնվազի», — հայտնել է Բրանտ Հասլերը (Brant Hasler) Պիտսբուրգի համալսարանից (ԱՄՆ):
Հասլերն ու իր գործընկերները նման եզրակացության են հանգել` հետեւելով ոչ բարեկեցիկ ընտանիքներից երեք հարյուր տղայի, որոնք վերջին 10-12 տարում ապրել են Փենսիլվանիայի նահանգի տարածքում: Նրանց ծնողները համաձայնել են, որ գիտնականները գնահատեն տասնամյա տարիքում իրենց երեխաների քնի պայմանները եւ հարցերի են պատասխանել այն մասին, թե նրանք երբ են պառկում քնելու, երբ են քնում եւ ինչպես են իրենց պահում քնի մեջ:
Տասը տարի անց հոդվածի հեղինակները հանդիպել են մեծացած երեխաներին եւ հետաքրքրվել են, թե արդյոք ոգելից խմիչք են օգտագործում եւ մարիխուանա են ծխում, ինչից հետո ստացված տվյալները համեմատել են 10-12 տարի առաջ իրականացված հարցումների արդյունքների հետ: Գիտնականները նշում են, որ այդ վերլուծության մեջ իրենք հաշվի են առել, թե արդյոք անչափահասներն ապրում են ոչ բարեկեցիկ շրջաններում, արդյոք մշտական եկամուտ ունեն, որքան բարձր է նրանց կրթության մակարդակը, ինչպես նաեւ ռիսկի այլ գործոններ, որոնք ի վիճակի են նրանց մղել թմրանյութ եւ ալկոհոլ օգտագործելու:
Պարզվել է, որ պատանեկան հասակում քնի տեւողության եւ 20-22 տարեկանում թմրամոլության միջեւ կապ իրոք գոյություն է ունեցել. 10-11 տարեկանում քիչ քնելու յուրաքանչյուր ժամը միջինը 20 տոկոսով մեծացրել է ավելի մեծ տարիքում թմրամոլության զարգացման շանսերը եւ նույն եղանակով նվազեցրել է այն տարիքը, որում երեխաներն առաջին անգամ մարիխուանա կամ ալկոհոլ են օգտագործել:
Նման օրինաչափությունը բնորոշ է եղել նաեւ քնի որակի համար. որքան ավելի վատ են քնել երեխաները, այնքան վաղ են ալկոհոլ փորձարկել եւ այնքան հաճախ են մարիխուանա օգտագործել ուսանողական տարիներին:






