Տարածված կարծիք կա, թե փոքր երեխաներն ինքնասպանության չեն դիմում, սակայն The Research Institute at Nationwide Children’s Hospital-ի (ԱՄՆ) գիտնականների նոր հետազոտության տվյալները վկայում են, որ մանկական ինքնասպանություններ այնուամենայնիվ տեղի են ունենում: Ավելին, ինքնասպանության մասին մտքեր այցելում են նույնիսկ հինգ տարեկան երեխաներին:
Գիտնականները վերլուծել են 2003-ից 2012 թվականներն ընկած ժամանակահատվածում մանկական ինքնասպանությունների հաճախությունը` երեխաներին տարիքային երկու խմբի բաժանելով (5-11 տարեկան եւ 12-14 տարեկան): Պարզվել է, որ 5-ից 11 տարեկան երեխաների շրջանում ինքնասպանություն տեղի է ունենում 100 000 երեխային 0,17 հաճախությամբ, իսկ 12-ից 17 տարեկան պատանիների շրջանում այդ ցուցանիշը 100 000-ին 5,18 է կազմում: Հետաքրքիր է, որ սեւամորթ երեխաներն ավելի հաճախ են ինքնասպանություն գործում, քան սպիտակամորթները, բայց սեւամորթ պատանիների շրջանում այդ ցուցանիշն ավելի ցածր է, քան սպիտակամորթ պատանիների շրջանում:
Զոհված կրտսեր դպրոցականների մոտ ամենից հաճախ ընկերների կամ մոտ հարազատների հետ հարաբերություններում խնդիրներ էին հայտնաբերվել, իսկ ինքնասպանություն գործած պատանիները տառապել էին դժբախտ սիրուց կամ հակառակ սեռի հետ հարաբերություններում խնդիրներից:
Ինքնասպանություն գործած երեխաների մոտ մեկ երրորդի մոտ հոգեկան խանգարումներ են ախտորոշվել, նրանց 60 տոկոսի մոտ` հիպերակտիվության համախտանիշ եւ ուշադրության պակաս: Հետազոտողներն ընդգծում են, որ ինքը` այդ համախտանիշն ինքնասպանության պատճառ չի եղել, բայց այդ խանգարումով տառապող երեխաներն ամենից հաճախ աչքի են ընկել իմպուլսիվությամբ եւ արագ են ընդունել չմտածված որոշումներ, այդ թվում նաեւ` ինքնասպանության որոշում:
Այդ ամենը մատնանշում է, որ ծնողները պետք է ամենայն լրջությամբ վերաբերվեն ինքնասպանության մասին խոսող երեխային. չի կարելի անտեսել նրա խոսքերը, չէ որ, պարզվում է, նույնիսկ փոքր երեխաներն ի վիճակի են ինքնասպանություն գործել:
Այդ մասին հայտնում է Pediatrics ամսագիրը:






