Հղի կանայք, որոնք տառապում են դեպրեսիայից, եռակի հաճախ են բախվում գեստացիոն շաքարախտին, քան նրանք, ում մոտ դեպրեսիա չի եղել: Այս մասին են վկայում National Institute of Child Health and Human Development (NICHD)–ի անցկացրած հետազոտության արդյունքները:

Գեստացիոն շաքարախտն էլ իր հերթին զգալիորեն բարձրացնում է երեխայի ծնվելուց հետո 2-րդ տեսակի իսկական շաքարախտի զարգացման վտանգը: Բացառված չէ, սակայն, որ դեպրեսիան ամենեւին էլ գեստացիոն շաքարախտի պատճառը չէ՝ պարզապես երկուսն էլ որոշ հղի կանանց մոտ միաժամանակ են առաջանում:

Գիտնականների խոսքով բժիշկները պետք է ուշադիր հետեւեն հղիների մոտ դեպրեսիայի նշաններին, որպեսզի նկատեն գեստացիոն շաքարախտի առաջին ախտանշանները: Եվ քանի դեռ այս հարցի շուրջ նոր տվյալներ չեն ստացվել, հղիները պետք է կանոնավոր կերպով խորհրդակցեն ոչ միայն գինեկոլոգի հետ, այլեւ հոգեբանի հետ:

Գեստացիոն շաքարախտը մի վիճակ է, երբ կնոջ օրգանիզմը ունակ չէ արտադրել բավարար քանակության ինսուլին, որի պահանջը հղիության ընթացքում աճում է: Եթե նման շաքարախտը չվերահսկվի, այն կարող է պրեէկլամպսիայի պատճառ դառնալ, նաեւ ավելացնել կեսարյան հատումով ծննդաբերության հավանականությունը:

Սովորաբար գեստացիոն շաքարախտը ծննդաբերությունից հետո շուտ անհետանում է, բայց որոշ դեպքերում այն վեր է ածվում լիարժեք շաքարախտի:

Ոչ այնքան վաղուց հետազոտողները պարզել են, որ գեստացիոն շաքարախտով հիվանդացությունը իր գագաթնակետին է հասնում ամառային ամիսներին: Ջերմաստիճանի բարձրացումը կարող է լինել արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման պատճառներից մեկը, որը նկատվում է սովորաբար հղիության երկրորդ կեսին: Հետազոտությունը ցույց է տվել, որ ձմեռային ամիսների համեմատ հունիս, հուլիս ու օգոստոս ամիսներին ապագա մայրերը 51 տոկոսով հաճախ են բախվում գեստացիոն շաքարախտին: