Հայաստանի շրջաններում ուրոլոգիայի մակարդակն առայժմ չի հասնում Երեւանի մակարդակին: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի նախագահի տեղակալ Ռուբեն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, այսօր շատ բան է արվում երկրի շրջաններում բժշկության զարգացման համար, մասնավորապես` շատ քաղաքներում ժամանակակից բժշկական կենտրոններ են կառուցել, որոնք զինված են լավ սարքավորումներով: Չնայած դրան, շրջաններն առայժմ իրենց մակարդակով հետ են մնում մայրաքաղաքից:
Դրա պատճառը գուցե բժիշկների աշխատանքի կազմակերպումն է եւ այն, որ շատ լավ ուրոլոգներ մնում են մայրաքաղաքում աշխատելու. քչերն են նպատակահարմար համարում շրջաններում աշխատելը: Այդ պատճառով, չնայած շրջանային կլինիկաներում լավ սարքավորումներ կան, մասնագետներն այնտեղ բավականին քիչ են:
Ռուբեն Հովհաննիսյանի կարծիքով, շրջաններում ուրոլոգիայի մակարդակը բարձրացնելուն կարող է օգնել շրջանային մասնագետների մասնակցությունը խոշոր համաժողովներին եւ ֆորումներին, որոնք տեղի են ունենում Երեւանում: Մասնավորապես, վաղը մեկնարկում է Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 18-րդ ամենամյա կոնգրեսը: Եվրոպական ուրոլոգիական ասոցիացիայից երեք մասնագետ դասախոսություններով հանդես կգա, որոնք հետաքրքիր եւ օգտակար կլինեն ինչպես Երեւանում, այնպես էլ երկրի շրջաններում աշխատող ուրոլոգներին: Կոնգրեսին դասախոսություններով հանդես կգան նաեւ Ստեֆան Բուրջյանը Mayo Clinic-ից եւ Ռուսաստանի գլխավոր ուրոլոգ Դմիտրի Պուշկարը:






