Այսօր դեղերը Հայաստանում թանկ արժեն, քան  Վրաստանում եւ Ռուսաստանում: Դա հանգեցրել է նրան, որ այդ երկրներից օրինական եւ անօրինական ուղիներով Հայաստան է բերվում դեղորայք, ինչը չի կարող չանդրադառնալ տեղական ընկերությունների վաճառքի ծավալների վրա: Այդ տեսանկյունից ներքին շուկայում գների նվազումը դարձել է բավականին արդիական խնդիր: Այս իրավիճակում դեղ ներկրող խոշորագույն ընկերություններից մեկի «Ալֆա-Ֆարմ»-ի գնային քաղաքականության եւ հետագա ռազմավարության մասին NEWS.am Medicine-ի թղթակիցը զրուցել է ընկերության տնօրեն Միքայել Մացակյանի հետ:

Ամռան սկզբին դեղ ներկրող «Վագա ֆարմ» ընկերությունը 10-12 %-ով նվազեցրեց մի շարք դեղերի մեծածախ գները, նույն կերպ վարվեց նաեւ դեղատների իր ցանցում: «Ալֆա ֆարմ» ընկերությունը եւս նվազեցրեց նույն դեղորայքի մեծածախ գները, բայց դեղատների ցանցում գներն անփոփոխ են: Ինչու՞:

Եվրասիական միության շրջանակում ներկայումս դեղագործական շուկայում տեղի է ունենում ինտեգրացիոն գործընթաց, որն ուղեկցվում է խոշոր արտադրողների կողմից մատակարարվող դեղամիջոցների գների նվազմամբ:

Այս գործընթացը սկսվել էր դեռեւս 2015 թ. վերջից, որի արդյունքում 2016 թվականի առաջին կիսամյակում, 2015 թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Ալֆա-Ֆարմ» -ի դեղատներում առանց դեղատոմսի վաճառվող դեղերի գները նվազել են միջինը 5%-ով, իսկ դեղատոմսով տրվող դեղերի գները՝ 10%-ով:

Ամռան սկզբին տեղի ունեցած գների իջեցումը անմիջապես չուղեկցվեց մանրածախ գների փոփոխությամբ, քանի որ մինչ այդ արտադրողների կողմից առաջարկվող գները չէին վերանայվել: Մյուս կողմից մեծ էր վտանգը լրջորեն վնասելու փոքր եւ միջին բիզնես հանդիսացող առանձին դեղատներին, որոնք հիմնականում ընտանեկան փոքր ձեռնարկություններ են: Շուկայում կձեւավորվեր մի իրավիճակ, երբ մանրածախ գների համատարած իջեցման հետեւանքով առանձին դեղատները կսկսեին գործել 5-7%-ի հավելագնի պայմանում, որը լուրջ ռիսկի կենթարկեր այդ հատվածի խաղացողներին: Այստեղ պահանջվում էր կշռադատված մոտեցում, ուստի մենք շարունակեցինք բանակցությունները հիմնական արտադրողների հետ եւ արդեն իսկ հասել ենք զգալի հաջողությունների, մասնավորապես` այս ընթացքում իջեցրել ենք լայն սպառման ավելի քան երկու հարյուր անուն դեղերի մեծածախ եւ մանրածախ գները, դրանց մի մասինը՝ ընդհուպ 40-50%-ով: Մենք շարունակելու ենք մեր հետեւողական աշխատանքն այս ուղղությամբ եւ մինչեւ տարվա վերջ ակնկալում ենք մատակարարվող մի շարք այլ դեղամիջոցների գների նվազում, որն իր հերթին կհանգեցնի  մեծածախ եւ մանրածախ գների հետագա իջեցմանը:

Նախքան դեղորայքի մեծածախ գների վերջին նվազումը` մանր դեղատների տերերը NEWS.am Medicine-ին տեղեկացրել էին, որ խոշոր ներկրողները, որոնք ունեն նաեւ դեղատների ցանցեր, աշխատում են ըստ հետեւյալ սխեմայի. դեղորայքի մեծածախ հավելագինը կազմում է 40-50%, մանրածախ վաճառքում ավելանում է եւս 15 %: Բայց հաշվի առնելով բոնուսների եւ զեղչերի համակարգը` իրական հավելագինը կարող է լինել 7-ից 8 %-ի սահմանում: Մանր դեղատների տերերը ստիպված են աշխատել այդ 15 %-ի, երբեմն էլ 7-8%-ի սահմանում, ինչը բավարար չէ ոչ միայն զարգացման, այլ նույնիսկ գոյատեւման համար: Այդ պատճառով էլ բազմաթիվ փոքր դեղատներ սկսեցին փակվել: Իսկապե՞ս գործում էին այդպիսի հավելագներ մեծածախ եւ մանրածախ վաճառքում: Եվ սա չի՞ նշանակում, որ խոշոր ներկրողները, այդ թվում` «Ալֆա ֆարմ» ընկերությունը, ստանում էին գերշահույթ: Իսկ եթե այդ թվերը ստույգ չեն, որո՞նք են ստույգ թվերը:

Ընկերության մեծածախ միջին հավելագինը 2016 թ. առաջին կիսամյակում կազմել է 17%, այդ իսկ պատճառով Ձեր մատնանշած 40-50%-ը չի արտացոլում շուկայի իրական պատկերը: Ընկերության զուտ շահույթը 2015 թ.-ին կազմել է 6.5%, որը նույնպես կարելի է համարել շահութաբերության ընդունելի մակարդակ: Ինչ վերաբերում է մանրածախ վերադիրին, մեր ընկերությունը վարել է գնային այնպիսի քաղաքականություն, որը մանրածախ առանձին դեղատներին հնարավորություն է տվել բնականոն աշխատելու ձեր նշած հավելագնի սահմանում՝ նույնիսկ տարբեր բոնուսային եւ զեղչային համակարգերի առկայությամբ:

Վրաստանում եւ Ռուսաստանում դեղորայքը շատ ավելի էժան է, քան Հայաստանում եւ դրա պատճառը միայն այն չէ, որ Հայաստանում դեղորայքի վրա սահմանված է ԱԱՀ: Դուք անցկացրել եք մոնիթորինգ եւ խնդրում եմ` տեղեկացրեք, թե բացի ԱԱՀ-ից`ուրիշ ինչ պատճառով է գոյացել գնային այդպիսի տարբերություն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Վրաստանի դեպքում:

Ինչպես նշեցի, հիմնական գործոնը արտադրողների կողմից առաջարկվող գների էական տարբերություններն են՝ հատկապես ռուսաստանյան շուկայի գների համեմատ, որը եւ հանգեցրել է կարճաժամկետ դիսբալանսի: Այս իրավիճակում ընկերությունն ունի երկու ճանապարհ՝ դեղամիջոցների այն խումբը, որի գներն էականորեն տարբերվում են, ներմուծել նույն Ռուսաստանից՝ հաճախ շրջանցելով դեղորայքի գրանցման պատշաճ ընթացակարգերը, կամ կատարել լուրջ աշխատանք շուկայի բոլոր սուբյեկտների հետ՝ հասնելով նույն իջեցմանը բացառապես օրինական ճանապարհով: Կարեւորելով «Ալֆա Ֆարմ» -ի հեղինակությունն ու համբավը շուկայում՝ որպես միմիայն թափանցիկ աշխատող եւ որակյալ ծառայություն մատուցող ընկերություն, որը հոգում է իր հաճախորդների առողջության մասին, մենք ընտրել ենք երկրորդ տարբերակը՝ չհավակնելով կարճաժամկետ շահույթի: Եվրասիական շուկայի ինտեգրացիոն գործընթացները կավարտվեն 2017 թ. վերջին, որի արդյունքում ձեւավորված գները համադրելի կլինեն հարեւան շուկաների գնային շեմին, իսկ վերջնական սպառողը դա կզգա բավականին նվազած մանրածախ գների տեսքով:

Ըստ որոշ տվյալների` Ռուսաստանից եւ Վրաստանից անօրինական ուղիներով Հայաստան մուտք գործող դեղորայքի ծավալն այնքան է աճել, որ արդեն սպառնում է այդ շուկայում գործող ընկերություններին: «Ալֆա ֆարմ»-ը պարզե՞լ է այդ վտանգի քանակային պատկերը եւ ի՞նչ միջոցներ է ձեռնարկում, որպեսզի դիմակայի դրան:

Հստակ քանակների վերաբերյալ տեղեկություններ չունեմ, սակայն մեր ընկերությունն այդ առումով կարճաժամկետ որոշակի ճնշում զգում է: Սակայն ինչպես նշեցի միջնաժամկետ կտրվածքով զարտուղի ճանապարհներով ներմուծումը կդառնա պարզապես տնտեսապես ոչ նպատակահարմար, քանի որ Եվրասիական միության ինտեգրացիոն գործընթացների շնորհիվ արդեն իսկ տեղի է ունենում օրինական ճանապարհով մատակարարվող դեղամիջոցների գների շարունակական իջեցում:

Ինչո՞վ է բացատրվում այն փաստը, որ «Ալֆա ֆարմ» դեղատների ցանցում դեղորայքը Երեւանի կենտրոնում եւ ծայրամասերում, ինչպես նաեւ Հայաստանի տարբեր շրջաններում կարող է վաճառվել տարբեր գներով:

Մեր ընկերության ավելի քանի 140 դեղատների մեծ մասում գործում է գների միասնական համակարգ թե´ Երեւանում, թե´ մարզերում: Բացառություն են մի քանի դեղատներ, որտեղ գների տարբերությունը պայմանավորված է տեղային մրցակցության առանձնահատկություններով, իսկ մեր ընկերությունը ուղղակի հետեւում է արդեն իսկ ձեւավորված գնագոյացման մակարդակին: Դեղատան գնային շեմի վրա ազդեցություն են թողնում նաեւ տարածքների վարձակալության եւ դեղամիջոցների առաքման տրանսպորտային ծախսերը: