Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր նախաձեռնությունն ուղղված է սրտանոթային հիվանդությունների հետ կապված ռիսկերի նվազեցմանը: Այն «Գլոբալ սրտեր» անվանումն է ստացել:
Սրտի եւ ուղեղի կաթվածները շարունակում են մնալ աշխարհում մահացության հիմնական պատճառը: Այդ հիվանդությունը տարեկան 17 մլն մարդու կյանք է խլում: «Մենք մտադիր ենք պայքարել սրտանոթային հիվանդությունների հիմնական պատճառների դեմ, պատմել է ԱՀԿ-ի ներկայացուցիչ Էտյեն Կրուգը: Խոսքը, ի թիվս այլ բաների, վերաբերում է ծխելուն, սննդի մեջ աղի, շաքարի եւ ճարպերի չափազանց շատ օգտագործմանը, ինչպես նաեւ ֆիզիկական ակտիվության բացակայությանը: Այդ բոլոր գործոնները լուրջ դեր են խաղում սրտի եւ ուղեղի կաթվածի զարգացման գործում»:
Առողջ սննդի եւ ակտիվ կենսակերպի քարոզչությունը թույլ է տվել ԱՄՆ-ում 40 տոկոսով նվազեցնել սրտանոթային հիվանդություններից մահացությունը, իսկ Ֆինլանդիայում տղամարդկանց շրջանում` 80 տոկոսով:
ԱՀԿ-ում հույս ունեն, որ գլոբալ նախաձեռնությունը կնպաստի ամբողջ մոլորակում սրտի եւ ուղեղի կաթվածների դեպքերի նվազմանը:






