Մեղրը կարող է հեռանկարային միջոց դառնալ բակտերիաների հակաբիոտիկակայունության զարգացման դեմ պայքարում: Հետազոտության արդյունքները կներկայացվեն աշխարհի խոշորագույն American Chemical Society (ACS) գիտական միության 247-րդ ժողովին, որը տեղի կունենա Դալլասում:
«Մեղրի յուրատեսակ առանձնահատկությունը մի քանի մակարդակով վարակների դեմ պայքարելու ունակությունն է, ինչի շնորհիվ՝ միկրոօրգանիզմների համար ավելի դժվար է կայունություն ձեռք բերել»,- նշում է հետազոտության գլխավոր հեղինակ Սյուզեն Մեշվիթզը Salve Regina University-ից Նյուպորտում:
Հետազոտողները բացատրում են, որ օսմոտիկ երեւույթի հաշվին, որը մեղրի մեջ շաքարի բարձր խտության արդյունք է, բակտերիալ բջիջների միջից ջրի դուրսբերում է տեղի ունենում, ինչը բերում է դրանց ջրազրկման եւ արդյունքում՝ ոչնչացման:
Բացի դրանից՝ որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ մեղրը նաեւ ճնշում է մանրէների քվորումի զգացումը՝ միմյանց հետ կապվելու, մոլեկուլյար ազդանշանների արգելափակման հաշվին իրենց վարքը կոորդինացնելու եւ կենսաթաղանթ կազմավորելու ունակությունը: «Մեղրը խախտում է քվորումի զգացումը, ինչը թուլացնում է մանրէների թունավորությունն ու բարձրացնում դրանց զգայնությունը սովորական հակաբիոտիկների նկատմամբ»,- նշում է Մեշվիթզը:
Մեղրի եւս մեկ կարեւոր առավելությունը, ըստ աշխատանքի հեղինակների, այն է, որ ի տարբերություն հակաբիոտիկների՝ մեղրի ազդեցությունը նպատակաուղղված չէ մանրէների աճի հետ կապված բակտերիալ ֆերմենտների արգելափակմանը: Շատ հակաբիոտիկների խնդիրը հատկապես այն է, որ ժամանակի ընթացքում մանրէները հարմարվում են դրանց գործելու մեխանիզմին եւ դադարում են արձագանքել դեղաթերապիային:
«Մենք մեղրի հակաօքսիդանտ ակտիվության ստանդարտ թեստեր արեցինք, առանձնացրինք ու պարզեցինք տարատեսակ հակաօքսիդանտ պոլիֆենոլային միացություններ,- պարզաբանում է նա:- Մենք նաեւ ուսումնասիրեցինք մեղրի հակամանրէային ակտիվությունը տարբեր պաթոգեն մանրէների, օրինակ՝ աղիքային ցուպիկի, ոսկեգույն ստաֆիլոկոկի եւ կապտաթարախային ցուպիկի դեմ:






