Մարդիկ, որոնք իրենց մանկությունն անցկացրել են գյուղում՝ կենդանիների միջավայրում, առավել հազվադեպ են տառապում ասթմայով։ Այս մասին է վկայում Շնչառական մարմինների առողջության եվրոպական համագործակցության հետազոտությունը։

Հետազոտությանը մասնակցել է 13 երկրներից 26-54 տարեկան մոտ 10 հազար մարդ։ Գյուղում իրենց մանկությունն անցկացրած եւ կենդանիների հետ շատ շփված մարդկանց մոտ ասթմայի ռիսկը 54 տոկոսով ավելի ցածր է եղել, քան «քաղաքային» երեխաների։ Գյուղում ապրածների մոտ 57 տոկոսով ցածր է եղել ալերգիայի զարգացման հավանականությունը։ Ընդ որում, նման մարդիկ 26 տոկոսով պակաս են ենթարկվում օրգանիզիմի կողմից այն ալերգենների նկատմամբ ոչ ադեկվատ ռեակցիայի, որոնք բնորոշ են համարվում  հենց քաղաքի համար։

Մասնագետները  հակված են արդյունքները բացատրել այն հանգամանքով, որ գյուղում՝ պակաս «ստերիլ» միջավայրում ապրած մարդիկ ավելի շատ են ենթարկվում միկրոօրգանիզմների ազդեցությանը, ինչը նրանց իմունային համակարգին թույլ է տալիս ներդաշնակ զարգանալ։ Միաժամանակ մանկությունը գյուղում ապրած մարդիկ մեծացել են ավելի լավ էկոլոգիական միջավայրում՝ դրանով իսկ խուսափելով առողջության վրա քաղաքի բացասական ազդեցությունից։ Սակայն կենդանիներն  իրենք պակաս դեր չեն խաղում։ Մասնագետները կարծում են, որ նրանց օրգանիզմում կան որոշ միկրոբներ, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում մարդկանց իմունիտետի վրա։

Սա առաջին դեպքը չէ, երբ գիտնականները  գալիս են այն եզրակացության, որ կենդանիների հետ շփումն օգտակար է երեխաների իմունիտետի ամրացման համար։ Մասնավորապես այս տարվա փետրվարին Նորվեգիայի Բերգենի համալսարանի գիտնականները եկել էին այն եզրակացության, որ անգամ քաղաքաբնակ երեխաները, որոնց բնակարաններում ընտանի կենդանիներ են ապրում, միջինում մի քանի անգամ հազվադեպ են տառապում ասթմայով։