Հարավային Դանիայի համալսարանի հետազոտողները հետադարձ կապ են հայտնաբերել հեծանիվ վարելու ու 2 տեսակի շաքարախտի զարգացման միջեւ։ Հետազոտության ղեկավար Մարտին Ռասմուսենը հայտնել է, որ երբեք ուշ չէ հեծանվասպորտով զբաղվելու համար, նույնիսկ ավագ սերնդի ներկայացուցիչները, որոնք առաջ երբեւէ չեն վարել հեծանիվ, կարող են ուշադրություն դարձնել այս մարզաձեւին, որպեսզի նվազեցնեն քրոնիկ հիվանդության զարգացման վտանգը։

Հետազոտությանը մասնակցել է 50-65 տարեկան 24 623 տղամարդ ու 27 890 կին։ Մասնագետները նրանց երկու անգամ հարցաքննել են։ Առաջին անգամ մասնակիցներից ճշտել են արդյոք նրանք հեծանիվ վարում են ու որքան հաճախ, նաեւ հարցեր են տվել նրանց առողջական վիճակի մասին։ Պարզվել է, որ հարցման մասնակիցները,ո րոնք կանոնավոր կերպով հեծանիվ են վարել, 2 տեսակի շաքարախտի զարգացման հանդեպ ավելի քիչ հակում են ունեցել, ընդ որում շաբաթական որքան շատ ժամանակ է մարդը հատկացնում հեծանիվ վարելուն, այդքան քիչ է տվյալ հիվանդության զարգացման վտանգը։

Առաջին հարցումից հինգ տարի անց բոլոր մասնակիցների հետ նորից են կապվել ու հետաքրքրվել, թե ինչպես են ընթանում նրանց գործերը հիմա։ Պարզվել է, որ այն մարդկանց մոտ, որոնք շարունակել են կանոնավոր կերպով հեծանվասպորտով զբաղվել, 20 տոկոսով քիչ էր 2-րդ տեսակի շաքարախտով հիվանդանալու հավանականությունը, քան նրանց մոտ, ովքեր այդ ժամանակահատվածում հեծանիվ չէին վարել ;

Ստացված տվյալների հիման վրա գիտնականները եզրակացրել են, որ հեծանվասպորտի օգուտն ակնհայտ է, ու նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար ոչ մի բանի ժամանակ չունեն, կարող են այն ներառել իրենց օրվա ռեժիմում՝ օգտագործելով հեծանիվը որպես ամենօրյա փոխադրամիջոց։ Մարտին Ռասմուսսենը հավելել է, որ 2 տեսակի շաքարախտով հիվանդանալու վտանգի նվազում է նկատվել նույնիսկ այն տարեց մարդկանց մոտ, ովքեր նոր են սկսել հեծանիվ վարել։