Հայաստանում 2015 թ․ վերջի տվյաներով 12 734 բժիշկ ու 17 396 բուժքույր ու ֆելդշեր կա։ 100 000 բնակչությանը մեր երկրում բաժին է հասնում 42․5 բժիշկ ու 58․0 բուժքույր ու ֆելդշեր, ըստ «Առողջություն ու առողջապահություն» ամենամյա զեկույցի տվյալների։

Հայ բժիշկների շրջանում առավել տարածված են թերապեւտիկ մասնագիտությունները (թերապեւտները, սրտաբանները, ռեւմատոլոգները, թոքաբանները, դիետոլոգները, ֆիզիոթերապեւտները, սոնոգրաֆիստները, ինֆեկցիոնիստները, արյունաբանները եւ այլն): Ըստ պաշտոնական վիճակագրության՝ նման մասնագետներ, այսօրվա դրությամբ, Հայաստանում 2949-ն են։ Պոպուլյարությամբ երկրորդ տեղում վիրաբուժությունն է՝ Հայաստանում 1762 վիրաբույժ կա։ Երրորդ տեղում է ատամնաբուժությունը՝ 1629 մասնագետ։

Ամենաքիչ տարածված մասնագիտությունների եռյակում են ֆտիզիատրիան՝ (թոքախտի ուսումնասիրությունն ու բուժումը)՝ դրանով զբաղվում է 99 մասնագետ, հոգեբուժությունը՝ (170 մասնագետ) ու մաշկաբանություն–վեներոլոգիան (193 մասնագետ)։ Բացի այդ, Հայաստանում, ըստ վիճակագրության, 934 մանկաբարձ-գինեկոլոգ կա, 91 մանկաբույժ, 407 համաճարակաբան, 319 նյարդաբան եւ 265 քիթ-կորկորդ-ականջի մասնագետ։

Հետաքրքիր է, որ Հայաստանում բժիշկների թիվը վերջին տարիներին աճում է, իսկ միջին բուժանձնակազմինը՝ տարեցտարի նվազում է․ 2013-ին Հայաստանում 12 170 բժիշկ ու 18 093 բուժքույր ու ֆելդշեր կար,իսկ 2015-ին ինչպես արդեն նշեցինք՝ 12 743 բժիշկ ու 17 396 բուժքույր ու ֆելդշեր, այսինքն 573-ով շատ բժիշկ ու 697-ով քիչ բուժքույր։

Այսօրվա դրությամբ ամենաշատ բժիշկներն ու միջին բուժանձնակազմը Երեւանում են՝ 9084 ու 8577 համապատասխանաբար։ Ամենաքիչը՝ Վայոց ձորում՝ 114 բժիշկ ու 238 բուժքույր ու ֆելդշեր։