Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է Ֆրեզնոյից ժամանած բժիշկներին։ Այս մասին NEWS.am Medicine–ին հայտնեցին ՀՀ Առողջապահության նախարարությունից։

Ողջունելով նրանց` ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը շնորհակալություն հայտնեց Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Ապգարյանի եւ ամերիկյան առաջատար «Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի նախաձեռնությամբ երկրորդ անգամ Հայաստանում գտնվող ԱՄՆ բազմափորձ բժիշկներին` մարդասիրական իրենց առաքելության համար։

Պերճ Ապգարյանը ներկայացրեց խմբի բոլոր անդամներին` վիրաբույժ, մանկաբույժ, մանկաբարձ-գինեկոլոգ, ստոմատոլոգ եւ այլ փորձառու մասնագետներ։ Նրանք մեր երկիր են ժամանել` նպատակ ունենալով գործընկերներին փոխանցել ոլորտի լավագույն եւ առաջադեմ փորձը, կիսվել իրենց մասնագիտական կարողություններով ու հմտություններով, ինչպես նաեւ այցի օրերին տեղի բժիշկների հետ համատեղ մասնագիտական աշխատանք իրականացնել:

Պերճ Ապգարյանը շեշտեց, որ բժիշկների մի մասը թեեւ ազգությամբ հայ չեն, սակայն ճանաչելով մեր երկիրն ու հայ ժողովրդին` ուխտ են արել շարունակել մարդասիրական իրենց աջակցությունը։

Պատվիրակության անդամներից ոմանք ամբողջ խմբի անունից իրենց պատրաստակամությունը հայտնեցին այցի շրջանակում հնարավորինս օգտակար լինել Հայաստանի առողջապահական համակարգին եւ հատկապես մարզերի բնակիչների առողջության պահպանմանը։

ԱՄՆ-ից ժամանած մասնագետները վաղվանից հանրապետության մի շարք մարզերում կսկսեն կրթական եւ բուժական իրենց գործունեությունը։

«Մենք մշտապես զգացել ենք ՀՀ առողջապահության նախարարության աջակցությունը մեր այս ծրագրի հանդեպ։ Դա մեզ ոգեշնչում է»,-ասաց Պերճ Ապգարյանը։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց մինչ ծրագրի ավարտը եւս մեկ անգամ հանդիպել եւ անդրադառնալ տարբեր ուղղություններով հետագա ծրագրերի տեսլականին։

Նշենք, որ ԱՄՆ-ից ժամանած մասնագետները հոկտեմբերի 16-21-ը Նոյեմբերյանի հիվանդանոցում բժշկական տարբեր ծառայություններ կտրամադրեն, ինչպես նաեւ «Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի նախագահ Քեվին Ռոբերթսի գլխավորությամբ վիրահատություններ կկատարեն, որոնցից անվճար կարող են օգտվել Նոյեմբերյան քաղաքի, Տավուշի եւ Լոռու մարզերի համայնքների բնակիչները։