Մորին Բարնեթթը 65 տարեկան է, Մեծ Բրիտանիայի բնակիչ, ու հիմա նա հասել է այն հոգեվիճակին, որին շատ մարդիկ ձգտում են իրենց ամբողջ կյանքում՝ նա միշտ երջանիկ է ու վայելում է կյանքի յուրաքանչյուր րոպեն։ Կինը մեդիտացիաներով չի զբաղվել ու հոգեբանի չի հաճախել։ 2003-ին նրա մոտ հայտնաբերել են անոթային դեմենցիա, որի պատճառով նա նույնիսկ խոսելու ունակությունն է կորցրել, իսկ 2013-ին՝ Ալցհեյմերի հիվանդություն։ Այս երկու հիվանդությունների զուգակցումը անսպասելի կողմնակի էֆֆեկտ է ապահովել։
Առաջ Մորին Բարնեթթը սոցիալական ծառայությունում էր աշխատում։ Նա միշտ բարեհամբույր է եղել ու սիրել է օգնել մարդկանց, եւ հիվանդությունը ուժեղացրել է այդ հատկանիշները։ Նրա դուստրը՝ Միշել Փաթթենդենը, պատմել է, որ առաջ, երբ ինքը դեռահաս էր, ինքն ու մայրը երբեմն վիճում էին, քանի որ երկուսն էլ բավականին տաքարյուն խառնվածք ունեին։ 39-ամյա կինը հավելել է, որ դա նորմալ է, երբ ծնողները երեխաների հետ վիճում են։ Հիմա վեճեր գրեթե չեն լինում, քանի որ Մորինն ամեն ինչին ժպիտով է նայում ու գրեթե միշտ երջանիկ է, չնայած ժամանակ առ ժամանակ կորցնում է կարճաժամկետ հիշողությունը ու դեժա վյուի զգացողություն ունենում։ Միշելը շեշտել է, որ միակ ձեւը, որով հնարավոր է մորը համոզել որեւէ բան անել, այն է, որ ասես՝ դրանով նա կօգնի ինչ-որ մեկին։
Հիվանդ կնոջ դուստրը նաեւ նշել է, որ մշտական հիացմունքը ոչ միշտ է տեղին՝ օրինակ երբ մահացել է Մորինի մայրը, տարեց կինը շարունակում էր ուրախանալ ամեն ինչից, եւ դա բավականին բարդ էր բացատրել նրա ազգականներին։ Սակայն Միշելը հավելել է, որ պարզապես պետք է հասկանալ դա՝ նա այնպիսին է, ինչպիսին կա, ու դրան պետք է սովորել։
Մորին Բարնեթթի դեպքին Facebook –ում մի ամբողջ էջ է նվիրված՝ Minding Mo — Our Journey into Dementia & Alzheimer's անվանումով, որտեղ Միշել Պաթթենդենը պատմում է իր մոր հիվանդությունների ու այն մասին, թե ինչպես է նրա ընտանիքը հաղթահարում դրանք։ Մորինն իր ընտանիքի անդամների հետ միասին նաեւ մասնակցում է զանազան միջոցառումների,որոնք նվիրված են դեմենցիային ու Ալցհեյմերի հիվանդությանը։











