Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի 14 երկրների՝ օսթեոպորոզի դեմ պայքարի ասոցիացիաների ներկայացուցիչները հավաքվել են Հայաստանում, որպեսզի Միջազգային գագաթնաժողովի շրջանակներում քննարկեն օսթեոպորոզի ախտորոշման եւ պայքարի խնդիրները։

NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցում Ալենդրոնատ հակաօսթեոպորոզային դեղամիջոցի հեղինակ, Կոլումբիայի համալսարանական  բժշկական քոլեջի էնդոկրինոլոգիայի բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Ջոն Բիզելիքիյանը, որը գագաթնաժողովի կազմակերպիչներից մեկն է, նշեց, որ Հայաստանում առաջին անգամ է նման մասշտաբային հանդիպում կազմակերպվում։ Դրա նպատակը այդ հիվանդության դեմ արդյունավետ պայքարի եւ կանխարգելման մասին տեղեկություն տարածելն է ինչպես բժիշկների, այնպես էլ հիվանդների շրջանում։

Գագաթնաժողովին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի, Վրաստանի, Ղազախստանի, Մոլդովայի, Հունգարիայի, Ուկրաինայի, Բելառուսի, Ուզբեկստանի, Լեհաստանի, Չեխիայի, Սլովենիայի, Սլովակիայի, Ռումինիայի եւ Ավստրիայի  օսթեոպորոզի ասոցիացիաների նախագահները։

Օսթեոպորոզի ռուսական ասոցիացիայի նախագահ պրոֆեսոր Օլգա Լեսնյակը NEWS.am Medicine–ի հետ զրույցում նշեց, որ այդ գագաթնաժողովը հիանալի հնարավորություն է տարբեր երկրների խնդիրները քննարկելու եւ փորձի փոխանակման համար։ Տարածաշրջանի երկրների մեծ մասում առողջապահության նման համակարգ է եւ նմանատիպ խնդիրներ։ Այդ պատճառով հաջողություն գրանցած երկրների փորձը կարող է օգնել մյուսներին ինչ–ինչ հարցերում ավելի լավ կազմակերպել այդ հիվանդության բարդացումների կանխարգելման հարցը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Հայաստանում կկայանա 10-րդ ամենամյա միջազգային գիտաժողովը, որի շրջանակներում Հայ–Ամերիկյան համալսարանում կկայանա սեմինար հայ բժիշկների համար։ Դասախոսություններով հանդես կգան ակնառու ամերիկացի մասնագետներ Ջոն Բիլեզնիքյանի գլխավորությամբ։

Գիտաժողովի կազմակերպիչներն են Օսթեոպորոզի հայկական ասոցիացիան եւ Ջոն Բիլեզնիքյանը։

Գիտաժողովի ծրագիրը հաստատել է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Մասնակիցները ՇԲԿ 2 կրեդիտ կստանան։