Johnson & Johnson ընկերությունը, որը ինսուլինային պոմպեր է արտադրում, այդ սարքերի օգտատերերին նախազգուշացրել է «կոտրելու» հավանականության մասին: Փորձագետների խոսքով՝ հավանականությունը փոքր է, բայց առկա է:
Ինսուլինային պոմպերը կրող սարքեր են, որոնք շաքարախտով հիվանդին ինսուլինի անհրաժեշտ չափաքանակ են ներարակում: Animas OneTouch Ping Insulin Infusion Pump-ի օգտատերերը (նրանք հիմանականում շաքարախտի առաջին տեսակով հիվանդ մարդիկ են) այդ չափաքանակն ինքնուրույն են ընտրում եւ հեռակառավարման վահանակի միջոցով այդ մասին տեղեկություն են փոխանցում պոմպին: Ինսուլինի մեծ կամ անբավարար քանակի ներարկումը կարող է լուրջ բարդացումների հանգեցնել:
Rapid 7 համակարգչային ընկերության ներկայացուցիչները պարզել են, որ վահանակից պոմպին ազդանշանի փոխանցման համար օգտագործվում է չծածկագրված ռադիոհաճախականության ազդանշան, իսկ դա նշանակում է, որ իսուլինային պոմպը տեսականորեն կարող են կառավարել նաեւ խարդախները: Չարագործն, օրինակ, կարող է պոմպին ուղարկել ինսուլինի բազմակի ներարկման ազդանշան (որը կարող է հիվանդին կոմայի մեջ գցել կամ նույնիսկ սպանել): Դրա համար, սակայն, չարագործը պետք է անհրաժեշտ սարքավորում ունենա եւ գտնվի պոմպով հիվանդից 7,5 մետր շառավղով հեռավորության վրա:
Այս տեղեկությունը ստանալուց հետո Johnson & Johnson-ը նախազգուշացում է հրապարակել, սակայն նշել է, որ համանման դեպքեր դեռեւս չեն գրանցվել, իսկ այդպիսի հանցագործության հավանականությունը նվազագույն է:
Պոմպեր արտադրողները նաեւ հայտնել են, որ օգտատերը կարող է փոխել օգտագործվող ռադիոհաճախականությունը, նաեւ օգտվել թրթռացող ազդանշանից, որը կարող է սկսել աշխատել ինսուլինի ներարկման ժամանակ. այդ դեպքում հիվանդը կարող է նկատել եւ ժամանակին կանգնեցնել սարքի մատակարարումը:






