Ընտանեկան բժշկության ինստիտուտը կայացել է ՀՀ մարզերում, բայց Երեւանում ընտանեկան բժիշկները դեռեւս բնակչության շրջանում մեծ հաջողություն չեն վայելում։ NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Ընտանեկան բժշկության ակադեմիական միություն» ՀԿ համանախագահ Մարինա Օհանյանը։

Նրա խոսքով՝ Երեւանի պոլիկլինիկաներում շատ են նեղ մասնագետները, եւ պացիենտների մեծ մասը միանգամից նրանց է դիմում, այլ ոչ թե ընտանեկան բժշկին։ Գյուղերում ամեն բան հակառակն է. կա ընտանեկան բժիշկների մեծ բանակ, որոնք հաճախ իրենց վրա են վերցնում նեղ մասնագետի պարտականությունները եւ բարեհաջող բուժում են ինչպես մեծահասակներին, այնպես էլ երեխաներին ու դեռահասներին։

«Կարող եմ վստահաբար ասել, որ Հայաստանի մարզերում ընտանեկան բժշկության ինստիտուտը կայացել է։ Մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի մոտ ապագայում այն կայանա նաեւ Երեւանում, քանի որ դա շատ կարեւոր համակարգ է, որն ապացուցել է իր առավելությունները եվրոպական երկրներում։ Ընտանեկան բժիշկը զբաղվում է ոչ միայն բուժմամբ, այլ նաեւ հիվանդության կանխարգելմամբ եւ առողջության պահպանմամբ»,– նշել է Մարինա Օհանյանը։

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, «Ընտանեկան բժշկության ակադեմիական միություն» ՀԿ 10-ամյակին նվիրված միջազգային սիմպոզիումի շրջանակներում հավաքվել են Հայաստանի տարբեր մարզերից եւ Լեռնային Ղարաբաղից ժամանած ընտանեկան բժիշկները, որպեսզի քննարկեն Հայաստանում արդիական ընտանեկան բժշկության խնդիրները։ Սիմպոզիումին ելույթ կունենան հյուրեր Մեծ Բրիտանիայից, Շվեդիայից, ԱՄՆ–ից, Բելառուսից եւ Վրաստանից։