«Մահանալ արժանապատիվ»՝ սա ոչ թե վերամբարձ գրական արտահայտություն է, այլ միջոցառումների մի ամբողջ հավաքածու, որը վերաբերում է ոչ միայն բուն մահացողին, այլեւ նրա շրջապատին՝ ազգականներին, բժիշկներին, սոցիալական աշխատողներին։ Այս հարցը արտացոլված է մարդու իրավունքների հռչակագրերում՝ մասնավորապես Մարդու իրավունքների ու բիոբժշկության հրացերով հռչակագրում (Օվյեդոյի հռչակագիրը), դրանով է զբաղվում պալիատիվ բժշկությունը, իսկ Եվրոպայի խորհուրդը մշակել է կյանքի վերջի իրավիճակներում բուժման վերաբերյալ որոշումների կայացման հատուկ ուղեցույց, որն այսօր նաեւ հայերեն է հասանելի։ Այս հարցերին է նվիրված նաեւ Երեւանում առաջին անգամ կազմակերպված միջազգային սեմինարը՝ կյանքի վերջի իրավիճակներում բուժման մասին որոշումների կայացման վերաբերյալ։
NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում սեմինարի կազմակերպիչ, Բիոէթիկայի ազգային կենտրոնի ղեկավար Իգոր Մադոյանը պարզաբանեց, որ կյանքի ուղու վերջում մարդը նախ իրավունք ունի իմանալ, թե ինչ է նրան սպասվում, ու նրան պետք է տեղեկացնել այդ մասին, եւ երկորդ՝ պետք է նրա համար արժանի պայմաններ ստեղծել։ Եվ շատ կարեւոր է հարգել հենց հիվանդի կամքը՝ ընդհուպ մինչեւ բուժումից հրաժարվելը՝ դա նրա իրավունքն է։ Բայց դա պետք չէ շփոթել էվթանազիայի հետ, հավելում է Իգոր Մադոյանը, դրանք տարբեր հասկացություններ են։ Տվյալ դեպքում խոսքը կյանքից դիտավորությամբ հեռանալու մասին չէ։ «Դա բժշկության մեջ ավտոնոմ մոտեցում է, երբ բժիշկը հիվանդին բացատրում է բուժման հնարավոր հաջողությունները ու ռիսկերը, իսկ հիվանդը ինքն է որոշում կայացնում։ Մեր երկրում դեռ գործում է պատերնալիստական մոդելը՝ բժիշկը որոշում է կայացնում ու նույնիսկ լսել չի ուզում հիվանդին»,- ասում է նա։
Խոսելով այն մասին, որ Հայաստանում քաղցկեղային հիվանդներին երբեմն նույնիսկ իրենց ախտորոշումը չեն հայտնում, Մադոյանը նշեց, որ բիոէթիկայի հիմնական սկզբունքներից մեկը հենց տեղեկացված համաձայնությունն է։ «Այլ բան է, եթե մարդը արդեն անգիտակից վիճակում է, բայց դրա համար էլ կան մշակված ընթացակարգեր, որոնցում ներգրավված են լինում ազգականները, բժիշկները, նաեւ իրավաբանները՝ որպես նրանց միջեւ միջնորդներ»,- ասում է նա։
Գյունտեր Վիրթը՝ Ավստրիայի Աստվածաբանության ինստիտուտից, իր ելույթում փորձեց նկարագրել, թե ինչ է արժանապատվությունը՝ «դա մարդ լինելու հետեւանք է»։ Նրա խոսքով մարդը չի կարող զրկված լինել արժանապատվությունից ոչ մի իրավիճակում, բայց արժանապատվությունը կարելի է հարգել կամ նվաստացնել։ Նույնը վերաբերում է նաեւ մահամերձ մարդկանց արժանապատվությանը։ Նրա խոսքով այս հարցում առաջնային է համարվում պալիատիվ խնամքը՝ այդ թվում տանը, հոգեբանական ու սոցիալական աջակցությունը։ Այդ ծառայությունները պետք է հասանելի լինեն բոլորի համար, այս հարցում չի կարող լինել խտրականություն, եւ հենց դա պետք է լինի պետության դերակատարումը։ Գյունտեր Վիրթը շեշտեց, որ մահամերձ հիվանդները իրավունք ունեն որոշել՝ ստանալ բուժում, թե ոչ, ու ոչ ոք իրավունք չունի նրանց պարտադրել բուժում։ Ինչ վերաբերում է էվթանազիային, այստեղ մոտեցումը միանշանակ է՝ կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով, ու ոչ ոք իրավունք չունի կանխամտածված ձեւով մարդուն զրկել կյանքից։
Երեւանյան սեմինարին մասնակցում է ԵԽ Բիոէթիկայի հանձնաժողովի ներկայացուցիչ Ռամոն Պիետո Սուարեսը, բիոէթիկայի ոլորտի մասնագետներ՝ Ավստրիայից ու Նորվեգիայից։
Սեմինարը կազմակերպել են Հայաստանի Բիոէթիկայի ազգային ինստիտուտն ու Հայ օգնության ֆոնդը՝ Առողջապահության նախարարության ու Եվրոպայի խորհրդի աջակցությամբ։






