Զիկա վիրուսով պայմանավորված՝ Գիյեն Բարրեի համախտանիշի առաջին դեպքերն են գրանցվել Մեքսիկայում։ Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։
Գիյեն Բարրեի համախտանիշը նեւրոլոգիական խանգարում է, որը զարգանում է ինֆեկցիային օրգանիզմի աուտոիմունային արձագանքի արդյունքում։
Հիվանդությունը հայտնաբերվել է երեք տղամարդու ու երկու կնոջ մոտ։ Բոլոր հիվանդները ապրում են երկրի հարավային նահանգներում՝ Տաբասկո, Չիապաս, Գերրերո ու Կինտանա Ռոո, հայտնում է Reuters–ը։
«Ամերիկայի ձայնը» հաղորդում է, որ ամերիկացի հետազոտողները հայտնաբերել են այսօրվա դրությամբ ամենածանրակշռիռ ապացույցները Զիկա վիրուսի ու Գիյեն -Բարրեի համախտանիշի կապի վերաբերյալ։ Զիկա վիրուսի համաճարակի գագաթնակետին հիվանդացության դեպքերի հաճախությունը 100 անգամ բարձր է եղել, քան սովարաբար։
Սովորական պայմաններում հարյուր չափահաս մարդու հաշվարկով գրանցվում է Գիյեն- Բարրեի համախտանիշով հիվանդացության 1-2 դեպք, նշում է Մերիլենդի Ջոնս Հփկինսի համալսարանի նեւրոլոգ ու պաթոմորֆոլոգ Կառլոս Պարդոն։ Իսկ Զիկա վիրուսի համաճարակի գագաթնակետին՝ հունվարից հունիս ժամանակահատվածում, Կոլումբիայում, որտեղ անցկացվում էր այս հետազոտությունը, հիվանդանոցները գրանցում էին շաբաթական 10-15 դեպք։
Գիյեն- Բարրեի համախտանիշը քիչ հանդիպող հիվանդություն է, որը ախտահարում է պերիֆերիկ նյարդային համակարգը, ձեռքերի ու ոտքերի նյարդային վերջույթները, որոնք պատասխանատու են զգայականության ու շարժողական գործառույթների համար։
Զիկա տենդը կապիկների սուր վարակիչ հիվանդություն է, որը երբեմն մարդուն է փոխանցվում մոծակների միջոցով ու բնութագրվում բարորակ ընթացքով։ Վիրուսը առավել վտանգավոր է հղի կանանց համար, քանի որ ենթադրվում է, որ այն պտղի մոտ առաջացնում է միկրոցեֆալիա՝ ուղեղի պոտենցիալ ծանր ախտահարումներով։






