Theranos ընկերությունը պատրաստվում է փակել իր կլինիկական լաբորատորիաները Փենսիլվանիայում, Արիզոնայում եւ Քալիֆորնիայում եւ աշխատանքից 340 մարդ ազատել (աշխատակիցների շուրջ 40%-ին):
Ընկերության կայքում հրապարակված ուղերձում Theranos-ի ղեկավար Էլիզաբեթ Հոլմսն ընդգծել է, որ հիմա զբաղվելու են իրենց նոր ախտորոշիչ սարքի՝ miniLab-ի կատարելագործմամբ, որը վերջերս է ներկայացվել: Նա նաեւ նշել է, որ մի քանի ամիս շարունակ ուժեղ եւ թույլ կողմերը գնահատելուց հետո որոշվել է փոփոխել ընկերության կառուցվածքը:
Հիշեցնենք, որ Էլիզաբեթ Հոլմսը Theranos ընկերությունը ստեղծել է 2003 թվականին՝ ցանկանալով հեղափոխություն կատարել կլինիկական ախտորոշման ոլորտում: Նա հայտարարել է, որ հիմա արդեն բազմաթիվ հիվանդությունների ախտորոշման համար մատից վերցված մեկ կաթիլ արյունը բավարար է: Արյան նմուշի զննության համար հատուկ սարք է ստեղծվել, որն Edison անունն է ստացել:
The Wall Street Journal-ի լրագրողները հետաքննության արդյունքում պարզել են, որ Theranos-ում բազմաթիվ հիվանդներից արյուն են վերցրել ոչ թե մատից, այլ երակից, իսկ հետազոտության համար ոչ թե հեղափոխական, այլ միանգամայն ստանդարտ սարք են օգտագործել, որը հասանելի է նաեւ այլ լաբորատորիաներում: Բացի այդ, արդյունքները հստակ չեն եղել եւ վերազննության կարիք է զգացվել: Այս ամենը զգալիորեն խաթարել է ընկերության հեղինակությունը եւ մարդկանց վստահությունը:






