Սեռացանկության խանգարմամբ կանանց հարկավոր է բժշկական ապահովագրությամբ տեստոստերոն նշանակել: Այս կարծիքին է Մանկաբարձության եւ գինեկոլոգիայի թագավորական քոլեջի ներկայացուցիչ Նիք Փանեյը:

Նրա խոսքով՝ «արական հորմոնը» կանանց կօգնի նաեւ էներգիայի հոսք զգալ եւ նվազեցնել հոգնածության մակարդակը:

Սակայն Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունն (NHS) առայժմ կանանց օգտագործման համար տեստոստերոնային որեւէ միջոցի լիցենզիա չի տրամադրել:

Միաժամանակ, բրիտանացի տղամարդկանց անցյալ տարի բժշկական ապահովագրությամբ այդ հորմոնի դեղամիջոցի 370 հազար բաղադրատոմս է տրվել, ինչն NHS-ին 21.3 մլն ֆունտ է (26.3 մլն դոլար) արժեցել:

Որպես կանոն՝ օրգանիզմում դրա քանակությունը բավարարում է լիարժեք կյանքի համար: Կանանց նույնպես այն անհրաժեշտ է, սակայն շատ ավելի քիչ չափաբաժնով:

Մանկաբարձության եւ գինեկոլոգիայի թագավորական քոլեջում վստահ են, որ կանանց մինչեւ 15%-ը դաշտանադադարի ժամանակ սեռացանկության կորուստ է ունենում: Նիք Փանեյի խոսքով՝ տեստոստերոն ընդունած իր հիվանդներն ինքնազգացողության բարելավում, բարձր տրամադրության եւ թարմություն են զգացել: