Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն մտավախություն ունի, որ Հաիթիին համաճարակների բռնկումներ են սպառնում, ամենայն հավանականությամբ՝ խոլերայի: Կազմակերպությունը պետությանը 6.9 մլն դոլար է հատկացրել:

Հաիթիում խոլերայի համաճարակ էր մոլեգնում 2010 թվականի հզոր երկրաշարժից հետո: 2011 թվականին երկրի առողջապահության նախարարությունը տվյալներ էր հրապարակել, որոնց համաձայն՝ համաճարակի հետեւանքով 4549 մարդ է զոհվել, ավելի քան 230 հազարը վարակվել է:

Կղզու հարավային ափերին արդեն խոլերայի 17 դեպք է արձանագրվել:

«Լայնածավալ հեղեղումներն ազդել են ջրի որակի եւ կոյուղու համակարգի վրա: Փոթորկից հետո եւ անձրեւների շրջանում խոլերայի բռնկում է սպասվում»,- հաղորդել են Առողջապահության համաամերիկյան ընկերակցությունում:

Բժիշկների խոսքով՝ ներկայում համաճարակի կրկնության բոլոր նախադրյալները կան: Նրանք միջազգային հանրությանը կոչ են արել Հաիթիին օգնություն տրամադրել, մասնավորապես՝ սնունդ, խմելու ջուր եւ դեղորայք:

«Մեթյու» փոթորկի հետեւանքով վերջին օրերին Հաիթիում զոհերի թիվը կրկնապատկվել է՝ գերազանցելով 800-ը:

«Մեթյու»-ն վերջին 10 տարիների ընթացքում Կարիբյան ծովի ավազանում ամենաուժեղ փոթորիկն է դարձել՝ Սաֆիր-Սիմփսոնի սանդղակով հասնելով բարձրագույն՝ 5-րդ աստիճանի: