ICSI օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիայի շնորհիվ բեղմնավորված երիտասարդների մոտ սերմնահեղուկի նվազ կենտրոնացման հետ կապված խնդիրներ ավելի հաճախ են հանդիպում, քան բնական ճանապարհով բեղմնավորվածների մոտ: Այս մասին հայտնել են Բրյուսելի ազատ համալսարանի գիտնականները:

Պրոֆեսոր Անդրե վան Սթեյրթեգհեմի գլխավորությամբ գիտնականների խումբը 54 երիտասարդի է հետազոտել, որոնք ծնվել են 1992-1994 թվականներին, ICSI-ի օգնությամբ: Սերմնահեղուկի անալիզը ցույց է տվել, որ ի տարբերություն բնական ճանապարհով բեղմնավորված տղամարդկանց՝ նրանց սերմնահեղուկում 62%-ով ավելի պակաս սերմնաբջիջ կա, որոնց իրենց հերթին 66%-ով ավելի պակաս շարժունակ են:

Արդյունքները գիտնականներին չեն զարմացնում. ICSI-ը հաճախ օգտագործվում է սերմնաբջիջների պակաս ակտիվության պայմաններում, եւ զարմանալի չէ, որ սա ժառանգաբար փոխանցվում է տղաներին:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Human Reproduction ամսագրում: