Հասարակության ամենաշատ տուժած ընտանիքները նրանք են, որտեղ հիվանդ երեխա կա, հատկապես, եթե հիվանդությունն անբուժելի է: NEWS.am Medicine-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի գլխավոր մանկաբույժ, Մանկաբուժության հայկական ասոցիացիայի գլխավոր քարտուղար Սերգեյ Սարգսյանը՝ ներկայացնելով Երեւանում անցկացված կյանքի վերջի իրավիճակներում բուժման մասին որոշումների կայացման վերաբերյալ սեմինարի ընթացքում հրապարակած զեկույցի թեման:

Նա նշեց, որ պալիատիվ խնամքի կարիք ունեցող երեխաները տարբերվում են մեծահասակների այդ խմբից: Դրանք անբուժելի հիվանդ երեխաներն են, օրինակ՝ նուկովիսցիդոզով, ծանր աուտիզմով, ի ծնե այլ խնդիրներով, որոնք պոտենցիալ մահացու են, սակայն հնարավոր չէ հստակ նշել, թե երբ վրա կհասնի մահը. մեկ, հինգ, թե տասը տարի անց: Նման իրավիճակներում հատուկ խնամք, ֆիզիկական եւ հոգեբանական աջակցություն է անհրաժեշտ:

Սերգեյ Սարգսյանի խոսքով՝ մեծահասակների շրջանում պալիատիվ խնամքի կարիք ունեցողները հիմնականում քաղցկեղով հիվանդներն են: Երեխաների շրջանում դրա մասնաբաժինը մեծ չէ: Երեխաները, ի տարբերություն մեծահասակների, ավելի արագ եւ դյուրին են բուժվում քաղցկեղից:

Երեխաների հետ աշխատանքի առանձնահատկությունը նաեւ այն է, որ փոքրիկները ստեղծված իրավիճակի տարբեր ընկալում ունեն՝ կախված տարիքից եւ իրողության ըմբռնումից:

Սերգեյ Սարգսյանը տեղեկացրեց, որ Մանկաբուժության հայկական ասոցիացիան Առողջապահության նախարարության եւ Բաց հասարակության հիմնադրամի հետ համատեղ այդ խնդրի տեսլական է մշակել, որի հիման վրա էլ հետագայում կառուցվելու է խնդրի լուծումը:

Նրանք գնահատել են անբուժելի հիվանդ երեխաների թիվը, որոնք պալիատիվ խնամքի կարիք ունեն: Պարզվել է՝ Հայաստանում նրանց թիվն այնքան էլ քիչ չէ. շուրջ 3000 երեխա: «Խնդիրը գնահատվել է, լուծման տեսլական է ձեւավորվել: Հաջորդ քայլը մոտեցումների բարելավման ուղղությամբ աշխատանքն է, քանի որ, մեր գնահատմամբ, դրանք հանրության ամենաշատ տուժած ընտանիքներն են: Աշխարհում ամենատուժած մարդն այն ծնողն է, որն իր երեխայի տառապանքն է տեսնում: Հիվանդ երեխան արդեն իսկ ծանր խնդիր է, առավել եւս, երբ հիվանդությունն անբուժելի է, եւ ծնողը հասկանում է դա»,- ասաց նա:

Այդ ճանապարհին ամենաբարդ խնդիրներից մեկը, մասնագետի խոսքով, ռեսուրսներն են՝ ինչպես մարդկային, այնպես էլ ֆինանսական: Իհարկե, գոյություն ունի պետպատվերի համակարգ նման հիվանդությունների համար, յուրաքանչյուր առանձին հիվանդության համար հատուկ հիմնադրամներ կան, բայց այդ գումարները բավարար չեն, բացի այդ՝ հարցին համակարգված մոտեցումը բացակայում է:

«Եթե հասարակությունն իրեն զարգացած է համարում, պետք է մտածի իր հանրության ամենաշատ տուժած անդամների մասին»,- ամփոփեց գլխավոր մանկաբույժը:

Հիշեցնենք որ Երեւանում հոկտեմբերի 7-ին առաջին անգամ միջազգային սեմինար անցկացվեց՝ կյանքի վերջի իրավիճակներում բուժուման մասին որոշումների կայացման վերաբերյալ։ Այն կազմակերպել էին Հայաստանի Բիոէթիկայի ազգային ինստիտուտն ու Հայ օգնության ֆոնդը՝ Առողջապահության նախարարության ու Եվրոպայի խորհրդի աջակցությամբ: Սերգեյ Սարգսյանը սեմինարի ընթացքում «Հոգ տանելով երեխաների մասին։ Ո՞րն է տարբերությունը» թեմայով զեկույց ներկայացրեց: