Ամերիկյան վիրաբույժներն առաջին անգամ արգանդ են փոխպատվաստել ողջ կնոջից: Սեպտեմբերի կեսերին նման չորս վիրահատություն է կատարվել, հիվանդներից մեկը մինչեւ հիմա ապրում է փոխպատվաստված օրգանով: Այս հաջողությանը Դալլասի Բեյլորի համալսարանի Բժշկական կենտրոնի աշխատակիցները գնում էին ավելի քան երկու տարի:

Փետրվարին Թեխասից մասնագետներն արգանդի փոխպատվաստման փորձ արդեն արել էին, սակայն վիրահատության ժամանակ օգտագործվել էր մահացած դոնորի օրգանը: Այն ժամանակ փորձն անհաջողությամբ էր ավարտվել՝ սնկային վարակի տարածման պատճառով:

Սեպտեմբերի 14-22-ի ընթացքում բժիշկները եւս 4 նման վիրահատություն են կատարել, յուրաքանչյուրը՝ առնվազն 10 ժամ տեւողությամբ: Փոխպատվաստված օրգաններից երեքը ստիպված են եղել հեռացնել, քանի որ դրանք բավականաչափ արյուն չեն ստացել: Չորրորդ վիրահատությունը հաջողությամբ է պսակվել, սակայն վիրաբույժների թիմն առայժմ զգուշանում է լավատեսական կանխատեսումների հարցում: Բժիշկները վստահ չեն, որ օրգանը ֆունցիոնալ կլինի:

«Մենք մանրամասն ուսումնասիրել ենք մինչեւ հիմա ամբողջ աշխարհում կատարված արգանդի փոխպատվաստման 16 վիրահատությունները: Եվ ես չեմ ամաչում երեք անհաջող վիրահատության համար: Վստահ եմ, որ ինձ հիշելու են որպես մասնագետի, որն արգանդի չորս փոխպատվաստում է արել: Թեկուզ անհաջողությունների գնով, բայց ես հաջողության հասա»,- ասել է Դալլասի Բժշկական կենտրոնի առաջատար վիրաբույժ Ջուլիան Թեսթան:

Վիրահատության ենթարկված բոլոր չորս կանայք առանց արգանդի են ծնվել: Այս հազվագյուտ անոմալիան կոչվում է Ռոկիտանսկի-Քյուսթներ-Մայեր-Հաուզերի սինդրոմ: Այն հանդիպում է 4500 նորածին աղջիկներից մեկի մոտ: Առողջ արգանդի փոխպատվաստումը նրանց հնարավորություն է ընձեռում հղիանալ եւ ծննդաբերել, չնայած այդ ուղղությամբ առայժմ միայն փորձեր են արվում: Միակ երկիրը, որտեղ նախկինում նման վիրահատության հաջող փորձ է գրանցվել, Շվեդիան է:

2014 թվականի հունվարին հայտնի դարձավ, որ Գյոթեբորգի համալսարանի մասնագետները հաջողությամբ 9 կանանց արգանդ են փոխպատվաստել նրանց մերձավոր ազգականներից: Նրանցից 5-ն արդեն հաջողությամբ առողջ երեխաներ են լույս աշխարհ բերել:

Միացյալ Նահանգներում, ի տարբերություն շվեդուհիների, իրենց արգանդը նվիրաբերել են ո՛չ ազգականները: 35-60 տարեկան շուրջ 50 ամերիկուհիներ համաձայնել են դոնոր դառնալ՝ նշելով, որ իրենք արդեն օգտվել են մայր դառնալու հնարավորությունից եւ պատրաստ են օգնել դրա կարիքն ունեցողներին:

Մինչեւ այս տարեվերջ ամերիկյան վիրաբույժները ծրագրում են եւս 10 նման վիրահատություն կատարել: