Երեւանում մեկնարկել է Սրտաբանների եվրասիական ասոցիացիայի 4-րդ համագումարը, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել 600 մասնագետներ աշխարհի 18 երկրներից:

Ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ս.Ն. Նակոնեչնիկովը լրագրողների հետ զրույցում նշեց, որ սրտաբանների եւ սրտավիրաբույժների համար այս համագումարը հրաշալի հնարավորություն է՝ գործընկերների հետ շփվելու, փորձի փոխանակման եւ սրտաբանության բնագավառում բոլոր նորարարություններին ծանոթանալու համար: Այս ամենը, ըստ նրա, կօգնի բարձրացնել սրտաբանության մակարդակը համագումարին մասնակցող բոլոր երկրներում՝ նվազեցնելով սիրտ-անոթային հիվանդություններից մահացության ցուցանիշը:

Երեւանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանն իր հերթին նշեց, որ հայ սրտաբաններն այսօր միջազգային ճանաչում են վայելում, եւ Հայաստանում Սրտաբանների եվրասիական ասոցիացիայի համագումարի անցկացումը դրա եւս մեկ անգամ ապացույցն է: Նրա խոսքով՝ սրտաբանական ծառայությունն այսօր Հայաստանում ամենակայացածներից է, բայց դա, իհարկե, չի նշանակում, այդ բնագավառում խնդիրներ չկան: Սիրտ-անոթային հիվանդությունների բուժման ոլորտում մեծ հաջողություններ են գրանցվում, ինչը լավ է, բայց պակաս կարեւոր չէ այդ հիվանդությունների կանխմանն ուղղված արդյունավետ ծրագրերի մշակումը:

Սրտավիրաբույժ Արա Անանյանի խոսքով էլ՝ ներկայում սրտաբանության ոլորտում՝ մասնավորապես, առողջապահության համակարգում՝ ընդհանրապես, խնդիրները կապված են երկրի տնտեսական ծանր կացության հետ: Ամեն դեպքում, սրտաբանական ծառայություններ մատուցող հայկական կլինիկաները հագեցած են անհրաժեշտ ամեն ինչով, իսկ հայ մասնագետները գիտելիքների առումով չեն զիջում արտասահմանյան գործընկերներին: Միմյանցից սովորելու բան, ամեն դեպքում, կա: