2006 թվականին Շերիլ Հայլի մոտ ցրված սկլերոզ են հայտնաբերել: Նա բժշկի է դիմել ձեռքերում արտասովոր զգացողությունների մասին բողոքով: Մեկ տարի անց նրա մոտ կախվող ոտնաթաթ է զարգացել՝ նման ախտորոշմամբ հիվանդների մոտ առաջացող բարդություններից մեկը: Նման դեպքերում մկանների թուլության պատճառով քայլվածքը փոխվում է, մարդիկ ստիպված են լինում սովորականից ավելի բարձրացնել ոտքը, հակառակ դեպքում կարող են ընկնել, քայլելն աստիճանաբար դժվարանում է:
Շերիլը կանոնավորապես վազքով է զբաղվել եւ մի օր հայտնաբերել է, որ չի կարող նույնիսկ կարճ տարածություն անցնել: Ախտորոշման մասին հայտնած բժիշկը խորհուրդ է տվել մոռանալ վազքի մասին, սակայն աղջիկը որոշել է չհանձնվել:
Նա դիմել է տարատեսակ նյարդաբանական խախտումներ ունեցող հիվանդների հետ աշխատանքի փորձ ունեցող մասնագետի: Նա Շերիլի համար հատուկ օրթեզ է ստեղծել, որը նախատեսված է նրա աջ թաթի կայունությունն ապահովելու համար:
Աղջկա վազքի արագությունը նվազել է, բայց, չնայած զարգացող հիվանդությանը, նա շարունակում է մարզվել: Մինչ հիվանդությունը Շերիլը 15 անգամ հաղթահարել է մարաթոնյան տարածությունը: Հիմա նույնպես չի պատրաստվում կանգ առնել, իսկ վազքի ժամանակ նրան Շերիլին ուղեկցում է ամուսինը:
Նա ծրագրում է մինչեւ 2017 թվականի հունիսը մարաթոնավազքով անցնել բոլոր մայրցամաքներով՝ ուշադրություն հրավիրելով ցրված սկլերոզի խնդրի ուղղությամբ: Նա նաեւ ցանկանում է նման ախտորոշմամբ հիվանդներին ցույց տալ, որ դրանով կյանքը չի ավարտվում եւ հարկավոր է շարունակել շարժվել (այս բառի բոլոր իմաստներով): Եթե դա նրանց ստիպի օրական գոնե մի քանի րոպե շարժվել, Շերիլն իր առաքելությունն իրագործված կհամարի:






