Մեծ Բրիտանիայի ամենահայտնի փոխնակ (սուրոգատ) մայրը՝ Քերոլ Հորլոքը, որն այս շաբաթ նշելու է ծննդյան 50-րդ տարեդարձը, որոշել է վտանգել առողջությունը եւ 16-րդ ու 17-րդ երեխաներին լույս աշխարհ բերել: Բժիշկները նախազգուշացրել են, որ նոր հղիությունը շատ վտանգավոր կարող է լինել:
Հունվարին հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայի ամենապտղաբեր փոխնակ մայրը որոշել է դադարեցնել գործունեությունը, քանի որ բժիշկները զգուշացրել են, որ նրա օրգանիզմն այլեւս չի կարող հաղթահարել հղիությունը: Այդ ժամանակ կինն արդեն 15 երեխա էր ծննդաբերել. 13-ը՝ որպես փոխնակ մայր, 2-ը՝ իր համար:
Հիմա նա որոշել է միանգամից երկու երեխա լույս աշխարհ բերել: Արհեստական բեղմնավորման համապատասխան գործողությունը կատարել են հունական կլինիկայում, քանի որ հայրենիքում ամենուր մերժել են նրան: 7 օր անց հայտնի կդառնա, արդյոք ամեն ինչ հաջող է անցել:
Նոր երեխաներին կինը լույս աշխարհ է բերելու անգլիացի մի զույգի համար, որը երկու տարի շարունակ վիժման խնդրի է բախվել: Քերոլին հաճախ են քննադատում: Ոմանք նրան «կկու» են կոչում՝ իր երեխաներին ուրիշներին տալու համար: Մյուսներն էլ չեն հասկանում, թե ինչպես կարելի է այդքան հաճախ հղիանալ եւ ծննդաբերել:
Թագավորությունում փոխնակ մայր լինելը չի կարող վաստակելու միջոց լինել, քանի որ այդ կանանց միայն բուժման եւ սննդի ծախսերի համար են վճարում: Քերոլը նոր երկվորյակների մասին որոշումը կայացրել է, քանի որ Եվրոպայում արտամարմնային բեղմնավորման առավելագույն տարիքը 50 տարեկանն է: Այսպիսով, Քերոլը միայն մի քանի օր ունի՝ իր կյանքի վերջին հղիությունն ու ծննդաբերությունն անցկացնելու համար:
Բրիտանուհու խոսքով՝ անպտղության բուժմամբ զբաղվող կլինիայի մասնագետներն իր արգանդն աշխարհում լավագույնն են կոչել: Ասում է՝ եթե կարողանա հղիանալ 50 տարեկանում, Մեծ Բրիտանիայի ամենատարեց փոխնակ մայրը կդառնա:









