Դանիացի գիտնականները Կոպենհագենում Բժշկական ուռուցքաբանության եվրոպական ընկերակցության համաժողովում ցավալի հայտարարություն են արել. գիտությունն անզոր է ամենասարսափազդու հիվանդության դեմ, այն երբեք չի հաջողվի հաղթահարել:

Սակայն հուսահատվելու կարիք չկա. բժշկությունը, ամեն դեպքում, տեղում չի դոփում, եւ շուտով, ինչպես հետազոտողներն են խոստանում, քաղցկեղը կդասվի խրոնիկ հիվանդությունների շարքին: Այսինքն՝ հնարավոր կլինի տասնամյակներով ապրել ուռուցքով եւ մահանալ ոչ թե քաղցկեղից, այլ բնական պատճառներով:

«Կարծում եմ՝ չպետք է մխիթարվել պատրանքներով, որ միլիոնավոր տարիներ քաղցկեղի գոյությունից հետո կհաջողվի այդ հիվանդությունն արմատախիլ անել: Չեմ կարծում, որ մենք կկարողանանք հաղթել այս հիվանդությանը, բայց կարծում եմ, որ այն վերահսկողության տակ կվերցնենք. հիվանդությունը խրոնիկ կդառնա, բայց ոչ մահացու ելքով»,- ասել է Դանիայի Ուռուցքաբանների միության հետազոտական բաժնի ղեկավար Յորգեն Օլսենը:

Արդեն հիմա բժիշկները նշում են, որ քաղցկեղով հիվանդները տարեցտարի ավելի երկար են ապրում: Քանիցս քննարկվել է հիվանդության դեմ պայքարում նոր մոտեցման՝ իմունաթերապիայի հարցը: Դա սեփական իմունային համակարգին քաղցկեղային բջիջների վրա հարձակվել հարկադրելու միջոց է: Ամբողջ աշխարհում գիտնականներից շատերն այդպիսի մեթոդներն այլընտրանք են համարում ավանդական քիմիաթերապիային եւ ճառագայթմանը, որոնք չնայած ներգործուն են, բայց ոչնչացնում են ոչ միայն չարորակ, այլեւ օրգանիզմի բոլոր բջիջները։

«40 տարի առաջ ախտորոշումից 5 տարի հետո ապրում էր հիվանդների շուրջ 35 տոկոսը: Իսկ այսօր այդ ցուցանիշը կազմում է 60-65 տոկոս: Այսինքն՝ մենք իսկապես ճիշտ ուղու վրա ենք. անհրաժեշտ է աջակցել հիվանդի կենսունակությանը, այլ ոչ թե փնտրել հիվանդության դեմ գոյություն չունեցող պատվաստանյութը»,- գործընկերոջը սատարել է Կանադայի բրիտանական Կոլումբիայի համալսարանի մոլեկուլյար պաթոլոգիայի եւ բջջային վիզուալիզացիայի լաբորատորիայի ղեկավար Մադս Դաուգորը:

Գիտությունից հեռու կանգնած մարդկանց համար դժվար է հասկանալ, թե ինչու է այդքան դժվար գտնել մեկ զենք, որը մեկընդմիշտ կբուժեր քաղցկեղով հիվանդ մարդկանց: Չէ՞ որ հայտնաբերվել են այլ «մարդասպանների» դեմ միջոցներ, որոնք ահուսարսափի մեջ էին պահում ամբողջ մարդկությանը։ Հիմնական պատճառներից մեկն այն է, որ քաղցկեղը մեկ հիվանդություն չէ: Յուրաքանչյուր ուռուցք զգալիորեն տարբերվում է մյուսից: Ուռուցքը տարածվում է ամբողջ մարմնում՝ փոխարկվելով նոր ձեւերի եւ գոյությունը շարունակելու համար հարմարվելով փոփոխվող պայմաններին: Տարածվելով՝ քաղցկեղը ձեռք է բերում միանգամայն այլ բնույթ, որը տարբերվում է նախապես եղածից: Այդ պատճառով դեղամիջոցները միանման չեն ներգործում հիվանդության բոլոր օջախների վրա, եթե անգամ դրանք մեկ մարդու օրգանիզմում են գտնվում:

Հիվանդությունը փոփոխվում է դրա դեմ նոր միջոցներին համարժեք: Յուրաքանչյուրը պայքարում է իր գոյատեւման համար, այդ թվում՝ նաեւ քաղցկեղային բջիջները: Հետեւաբար այժմ միակ ճշգրիտ որոշումը կլինի ուռուցքների վրա հարձակումը տարբեր կողմերից, հնարավոր ցանկացած միջոցներով. ոչ մի, նույնիսկ ամենաբազմախոստումնալից բուժումը չի կարողանա միայնակ լուծել խնդիրը, կարծում են առաջատար գիտնականները: