Երեւանում շտապօգնության կանչերի թիվը 2013թ.-ին աճել է 23 000-ով։ Այս մասին հայտարարեց Առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը մարտի 19-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ՝ ամփոփելով շտապօգնության արդիականացման ծրագրի վերջին 4 տարիների արդյունքները։

«Ժողովուրդը սկսել է ավելի վստահել այս ծառայությանը։ Այդ մասին վկայում է այն, որ կանչերի թիվն ավելացել է եւ Երեւանում, եւ մարզերում», - ասաց Վահան Պողոսյանը։

Ինչպես իր հերթին նշեց ԱՆ արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Ռուզաննա Յուզբաշյանը, 2014 թվականի հունվարին 2013- հունվարի համեմատ կանչերի թիվն աճել է 3000-ով։ Ինչ վերաբերվում է կանչերի պատճառներին, ամենից հաճախ շտապօգնություն են կանչում սիրտանոթային եւ նյարդային հիվանդությունների սրացման պատճառով։

Ռուզաննա Յուզբաշյանը նշեց նաեւ, որ հոսպիտալացման դեպքերի թիվը նվացել է. եթե 2011 թվականին Երեւանում հոսպիտալացման դեպքերը բոլոր կանչերի 22 տոկոսն են կազմել, ապա 2012-ին՝ ընդամենը 16 տոկոսը։ Մարզերում 2011-ին հոսպիտալացվել էին հիվանդների 13 տոկոսը, իսկ 2012-ին՝ 6 տոկոսը։

«Շտապօգնությունը կարողացել է արդյունավետ եւ լավ իմաստով ագրեսիվ բժշկական օգնություն ցուցաբերել հենց տեղում, եւ հոսպիտալացման խիստ անհրաժեշտությունը չի եղել», - այսպես Յուզբաշյանը մեկնաբանեց հոսպիտալացման դեպքերի նվազումը։

Ռուզաննա Յուզբաշյանը նաեւ ասաց, որ լավ գործելու համար շտապօգնությանը պետք են համապատասխան սարքավորումներ եւ տրանսպորտային միջոցներ։ 2010 թվականին ձեռք են բերվել շտապօգնության մեքենաներ և հատկացվել են Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Տավուշի, Սյունիքի, Արագածոտնի մարզերի 6 բժշկական հաստատությունների, որոնք ամենավատ վիճակում էին գտնվում:

Իսկ 2011 թվականին Չինաստանի կառավարությունը ՀՀ-ին նվիրաբերեց 20 ռեանիմոբիլ եւ 68 գծային շտապօգնության մեքենա՝ հագեցված անհրաժեշտ սարքավորումներով: Մեքենաներից 53-ը տրամադրվել են մարզերին, իսկ 35-ը՝ Երեւանին։ Չնայած դրան՝ մեքենաներով բավարարվածությունը հեռու է ցանկալիից, հատկապես մարզերում:

Ինչպես նշեց Յուզբաշյանը, այս պահին շտապօգնության ծառայությունն ունի 209 բժիշկ, 363 բուժքույր եւ 259 վարորդ/սանիտար։ Բոլոր մասնագետները անցել են վերապատրաստում՝ շտապօգնությունում աշխատելու համար։

Ինչ վերաբերվում է մասնագետների տարիքին, բժիշկների եւ բուժքույրերի միջին տարիքը 47 է, դիսպետչերներինը՝ 52, վարորդներինը՝ 51։ Իհարկե, ցանկալի կլիներ ունենալ եւ ավելի երիտասարդ կադրեր, սակայն Յուզբաշյանը նշեց, որ տարիքով բժիշկները ունեն բավականին խորը գիտելիքներ եւ փորձ, դրա համար նրանք հաճախ աշխատում են նաեւ որպես դիսպետչեր, որպեսզի մինչեւ բրիգադի տեղ հասնելը կարողանան հիվանդի բարեկամներին ճիշտ խորհուրդներ տալ։