Եմենի մայրաքաղաք Սանայի բնակիչների շրջանում խոլերայով վարակի 11 դեպքը հաստատվել է։ Այս մասին հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Օմար Սալեհը։
Անցյալ շաբաթ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել էր Սանայում երեխաների շրջանում խոլերայի հայտնաբերման դեպքերի մասին։
«Խոլերայով վարակի կասկածելի 17 դեպքերից 11-ը հաստատվել է։ Բոլոր հիվանդները Սանայի միեւնույն շրջանից են։ Սանայից դուրս հիվանդացության դեպքեր չեն բացահայտվել»,- ասել է Սալեհը։
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ նա պարզաբանել է, որ «հիվանդությունը դեռեւս չի տարածվել, համաճարակ չկա»։ ԱՀԿ ներկայացուցիչը, միաժամանակ, նախազգուշացրել է, որ Եմենում ռազմական գործողությունների շարունակությունը կարող է հանգեցնել խոլերայի տարածման՝ հաշվի առնելով, որ երկրի «հիվանդանոցների եւ բուժհաստատությունների 55%-ը գրեթե չի գործում»։
Բացի այդ, ըստ նրա, Եմենի Թաիզ եւ Հոդեյդա նահանգներում խոլերայի նախանշաններով 143 հիվանդի մոտ այդ ախտորոշումը չի հաստատվել։






