Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի այսօրվա լիագումար նիստում քննարկվում է երեխայի իրավունքների պահպանման հարցը փոխնակ մայրության տեսանկյունից:
NEWS.am-ի հատուկ թղթակիցը Ստրասբուրգից հաղորդում է, որ քննարկման ժամանակ զեկույցի հեղինակ Պետրա Շութերը, որը ներկայացնում է Բելգիան, նշեց, որ չպետք է փոխնակ մայրությունը դառնա կոմերցիոն եւ շահույթ բերի անձանց, քանի որ այս կերպ խախտվում են երեխաների եւ կանանց իրավունքները:
Պատգամավոր Օգմունդուր Ջոնասոնի կարծիքով՝ սա շատ նուրբ եւ զգայուն թեմա է եւ պետք է առանձնահատուկ ուշադիր լինել: «Դեմ ենք, որ փոխնակ մայրության միջոցով գումար աշխատեն»,- նշեց նա:
Իտալացի պատգամավոր Էլենա Կենտեմերոն նույնպես համոզված է, որ երեխաները չպետք է ծնվեն պայմանագրերի միջոցով, քանի որ դա կոպտագույն խախտում է մարդու իրավունքներին. «Մենք չենք կարող թույլ տալ բռնություն այս ոլորտում, մենք դեմ ենք փոխնակ մայրությանը, երեխան ու մայրը չպետք է բաժանվեն»:
Փոխնակ մայրության թեման, ըստ անդորրացի պատգամավոր Սիլվիա Բոնետի, շատ համակցված է, բարդ, գոյություն ունեն տարբեր դիրքորոշումներ խնդրի վերաբերյալ: Միեւնույն ժամանակ, Բոնետը հորդորեց չմոռանալ երեխաների եւ կանանց իրավունքների մասին:
Որոշ պատգամավորների գնահատմամբ, փոխնակ մայրությունը թրաֆիքինգ է, երբ կինը շահագործման է ենթարկվում գումարի դիմաց: Մասնավորապես, եվրոպացի պատգամավորներին մտահոգում է Հնդկաստանում ստեղծված իրավիճակը, երբ կանայք որոշակի գումարի դիմաց հղիանում են, երեխաներ ունենում եւ հանձնում ուրիշներին:
«Սա այն թեմաներից է, որոնց վերաբերյալ տարբեր դիրքորոշումներ կան՝ կախված էթնիկական, մշակութային առանձնահատկություններից: Չպետք է մոռանալ, որ փոխնակ մայրությունը հնարավորություն է տալիս ընտանիքներին երեխաներ ունենալ, այս կերպ մարդիկ են երջանկանում, ծնողներ դառնում: Միեւնույն ժամանակ, շատերի համար փոխնակ մայրությունը հնարավորություն է գումար աշխատելու: Համաձայն ենք մեր գործընկերուհի Շութերի հետ, որ երեխաների իրավունքները պետք է պաշտպանել»,- նշեց վրացի պատգամավոր Գուգուլի Մագրաձեն:
Պատգամավորներից շատերն էլ հորդորեցին անպտղությամբ տառապող զույգերին որգեդրել երեխաների, ոչ թե օգտվել փոխնակ մոր ծառայությունից: Այնուամենայնիվ, բելգիացի պատգամավոր Դիրք Մայլենն ընդգծեց, որ ԵԽԽՎ-ն չէ, որ պետք է որոշի արգելել փոխնակ մայրությունը, թե ոչ:
«Յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում՝ ընդունել իրավական տեսանկյունից փոխնակ մայրությունը, թե ոչ: Սա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի որոշելիք հարցը չէ»,- ասաց բելգիացի պատգամավոր:
Զեկույցին կողմ քվեարկեց 79 պատգամավոր, 80-ը՝ դեմ, եւ 5-ը՝ ձեռնպահ:
Նշենք, որ փոխնակ մայրության վերաբերյալ հայկական պատվիրակության անդամներից եւ ոչ մեկը դիրքորոշում չհայտնեց, թեեւ Հայաստանում նույնպես սա շատ քննարկվող հարցերից է եւ ընդամենը օրեր առաջ Ազգային ժողովն ընդունեց «Մարդու վերարտադրողական առողջության եւ իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով արդեն հստակեցված են փոխնակ մայրության վերաբերյալ որոշ դրույթներ: Մասնավորապես, փոխնակ մայրության իրավունքից միայնակ արտասահմանցիները չեն կարող օգտվել, իսկ զույգերը՝ այո: Զույգերից մեկը գոնե պետք է երեխայի կենսաբանական ծնողը լինի: Փոխնակ մայրերից երեխա կարող են ունենալ նաեւ չամուսնացած զույգերը: Այդ դեպքում երեխայի կենսաբանական ծնողը պետք է լինի առնվազն նրանցից մեկը կամ նա, որը ՀՀ քաղաքացի է հանդիսանում: Բացի այդ, փոխնակ մայր լինել թույլատրվում է ընդամենը 2 անգամ: Որպեսզի երեխայի ազգակցական կապն անվիճելի լինի, նրան կենսաբանական ծնողներին կարող են հանձնել միայն ԴՆԹ թեստից հետո:
Ի դեպ, Հայաստանում փոխնակ մայրերի ծառայությունը բավականին թանկ է:
Աիդա Հովհաննիսյան, Ստրասբուրգ






