«Մեթյու» փոթորկից հետո Հաիթիում խոլերայի հետեւանքով առնվազն 70 մարդ է մահացել, եւս 300-ը վարակվել է։ Այս մասին հայտնել է Հաիթիի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ փոթորկից մեկ շաբաթ անց մարդիկ մտահոգված են տուժած շրջաններում սանիտարական վիճակի կապակցությամբ։ Հաիթին դեղորայքի, խմելու ջրի, ջրի մաքրման տեխնիկայի եւ խոլերայի դեմ պատվաստանյութերի կարիք ունի։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հրապարակած տվյալների համաձայն՝ փոթորկից լրջորեն տուժած Հաիթիի երկու շրջաններում խոլերայով հիվանդացության 201 նոր դեպք է արձանագրվել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՀԿ-ն մտավախություն էր հայտնել «Մեթյու» փոթորկից հետո Հաիթիում խոլերայի նոր համաճարակի շուրջ։ 2010 թվականի հզոր երկրաշարժից հետո նույնպես Հաիթիում խոլերայի համաճարակ էր բռնկվել։ 2011 թվականին երկրի առողջապահության նախարարությունը տվյալներ հրապարակեց, որոնց համաձայն՝ համաճարակի հետեւանքով 4549 մարդ է զոհվել, ավելի քան 230 հազար բնակիչ վարակվել է։






