Հայաստանում այսօրվա դրությամբ առնվազն 300 հազար մարդ տառապում է հիպերտոնիայով։ Այս հիվանդությամբ մարդկանց ճշգրիտ թիվը պարզել հնարավոր չէ, քանի որ շատերը չեն էլ կասկածում, որ նորմայից բարձր ճնշում ունեն։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը։

Հիպերտոնիան ռիսկի գործոն է համարվում մի շարք հիվանդությունների զարգացման համար, որոնցից մի քանիսը մահացու վտանգավոր են, օրինակ՝ սրտի կամ ուղեղի կաթվածը։ Հիպերտոնիայի պատշաճ հսկողության ու արդյունավետ բուժման դեպքում այս բոլոր հիվանդությունների վտանգը զգալիորեն նվազում է, սակայն, ըստ մասնագետի, խնդիրն այն է, որ հիպերտոնիայով հիվանդ մարդկանց մեծ մասը պատշաճ բուժում չի ստանում, ոմանք նույնիսկ չգիտեն, որ հիպերտոնիա ունեն եւ չեն բուժվում, մյուսներն էլ կարծում են, որ եթե իրենց լավ են զգում եւ գլխացավ չունեն, ապա բարձր ճնշումը խնդիր չէ։ Ոմանք էլ դեղ են ընդունում միայն այն ժամանակ, երբ ճնշումը կտրուկ բաձրանում է, իսկ ինքնազգացողությունը՝ վատանում։

Չի բացառվում, որ հենց հիպերտոնիայի՝ որպես ռիկսի հիմնական գործոններից մեկի հանդեպ նման վերաբերմունքով է պայմանավորված մեր երկրում սիրտ-անոթային հիվանդություններիով հիվանդացության եւ դրանց հետեւանքով մահացության բարձր ցուցանիշը։

Ո՞ր ճնշումը կարելի է նորմալ համարել։

Մարդկանց մեծ մասի պարագայում նորմալ ճնշումը պետք է 140/ 90 մմ ս.ս.-ից ցածր լինի, եթե ճնշումն ավելի բարձր է, դա արդեն հիպերտենզիա է։ Սակայն, մասնագետի խոսքով, որոշ մարդկանց դեպքում ցանկալի է ճնշումը, առողջական վիճակով կամ հարակից հիվանդություններով պայմանավորված, ավելի ցածր ցուցանիշի վրա պահել։

Հիպերտոնիայի ախտորոշման ու բուժման խնդիրները քննարկելու համար այսօր Երեւանում գիտաժողովի էին հավաքվել սրտաբաններ, ընտանեկան բժիշկներ եւ թերապեւտներ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից եւ Բելառուսից։ Գլխավոր սրտաբանի խոսքով՝ գիտաժողովի շրջանակում ոչ միայն նախատեսվում են զեկույցներ հիպերտոնիայի բուժման նորագույն մոտեցումների ու նորագույն դեղամիջոցների մասին, այլեւ փոքր խմբերում աշխատանք, որի միջոցով առաջնային օղակի մասնագետներն ավելի շատ գիտելիքներ ձեռք կբերեն այդ խնդրի մասին։