ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն այցելել է ՀՀ ԱՆ Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ, ծանոթացել իրականացվող եւ արդեն կյանքի կոչված ծրագրերին։
20 տարվա ընթացքում իրականացված ծրագրերը հիմնված են եղել երկրի առաջնահերթ կարիքների, ինչպես նաեւ կառավարության գերակա եւ ռազմավարական ծրագրերի վրա։ Արդյունքում օպտիմալացվել է հանրապետության առողջապահական համակարգը` հիվանդանոցների թիվը 111-ից հասցնելով 87-ի։ Մարզային 14 հիվանդանոց արդիականացվել է, որից 2-ը` Գյումրու եւ Մեղրու բժշկական կենտրոնները, կառուցվել են հիմքից։ Այս հիվանդանոցների որակյալ եւ մատչելի ծառայություններից կարող Է օգտվել մարզերի շուրջ 830 հազար բնակչություն։
Լուրջ առաջընթաց է արձանագրվել մարզերի առողջության առաջնային օղակում։ Առաջնորդվելով երկրի որդեգրած ռազմավարություններով եւ զարգացման տեսլականով` ծրագրերն իրականացվել են երկու ուղղությամբ։ Անցած տարիների ընթացքում Համաշխարահային բանկի վարկային ծրագրով կառուցվել եւ վերանորոգվել է173 գյուղական ամբուլատորիա եւ առողջության կենտրոն, ինչպես նաեւ ՀՀ տարածքում գործող բոլոր ամբուլատորիաները հագեցվել են բժշկական սարքավորումներով, գույքով եւ պարագաներով։
Ծրագրի շրջանակում միաժամանակ վերապատրաստման դասընթաց է անցել 1676 ընտանեկան բժիշկ եւ 1804 բուժքույր։ Արդյունքում գյուղական բնակավայրերի 630 հազար բնակչության համարառաջնային օղակումապահովվել է պատշաճ բժշկական սպասարկում։
Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի մասնագետները նախարարին ներկայացրել են նաեւ առկա խնդիրները։ Մասնավորապես, ժամանակի ընթացքում փոխվել են մոտեցումներն ու պահանջները, հետեւաբար համակարգում հետագա օպտիմալացման անհրաժեշտություն է առաջացել։ Դեռեւս մտահոգիչ է բժշկական կադրերի անհամաչափ բաշխվածությունը Երեւանում եւ մարզերում, ինչպես նաեւ` մարզերի ներսում։ Բարելավման կարիք ունի արդիականացված մարզային առանձին հիվանդանոցների կառավարումը։ Դեռեւս առկա է գյուղական շուրջ 40-50 ամբուլատորիաների ենթակառուցվածքների բարելավման խնդիր։
Լեւոն Ալթունյանը հետաքրքրվել է, թե ինչ մեթոդաբանությամբ են գնահատվում իրականացված ծրագրերի արդյունավետությունը թե՛ ֆինանսապես, թե՛ բժշկական ծառայությունների որակի, մատչելիության եւ դիմելիության ցուցանիշներով։ Նախարարին ներկայացվել են այդ ուղղությամբ գրասենյակի խմբերի կողմից կատարված ուսումնասիրությունները, ինչպես ըստ մարզերի, այնպես էլ` ըստ առանձին հիվանդանոցների։
Նախարարը հանձնարարել է առանձին հանդիպում կազմակերպել` իրականացված բոլոր ծրագրերի արդյունավետության գնահատման ուսումնասիրություններին առավել մանրամասն ծանոթանալու համար։
«Մենք պետք է համատեղ խորը վերլուծություն կատարենք, որպեսզի մեր ունեցած գումարներով եւ ներուժով կարճ ժամանակում կարողանանք հասնել շոշափելի արդյունքների»,-ասել է Լեւոն Ալթունյանը։






