Հայաստանում շտապօգնության մասնագիտացված մանկական բրիգադներ են ձեւավորվելու։ Այս մասին մարտի 19-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՆ արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Ռուզաննա Յուզբաշյանը։
«Երեւխաների անվտանգության համար նախարարի հանձնարարությամբ պետք է ձեւավորենք մանկաբուժական բրիգադներ Եւրեւանում եւ մարզերում», - ասաց Ռուզաննա Յուզբաշյանը։
Իհարկե, շտապօգնությունը հիմա էլ է սպասարկում երեխաներին, եւ ընդհանուր կանչերի մոտ 7-9 տոկոսը հենց մանկական կանչեր են։ Սակայն, ըստ Յուզբաշյանի, երեխաներն ունեն իրենց առանձնահատկությունները, եւ բուժօգնությունն ավելի արդյունավետ կլինի, եթե երեխաների կանչերին մեկնի հատուկ բրիգադ, որում կա մանկաբույժ։
Ինչպես նշեց Յուզբաշյանը, Հայաստանի շտապօգնությունն այսօր ունի 33 մանկաբույժ, որոնք էլ հենց կզբաղվեն մանկական կանչերով։ Երբ մանկական կանչեր չեն լինի, նրանք կկարողանան մեկնել այլ կանչերի։
«Շտապօգնությունը հիմա էլ է մեկնում մանկական կանչերի, ուղղակի մենք ամրագրելու եւ հստակեցնելու ենք այդ գործընթացը», - իր հերթին ասաց Առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը։






