Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի երկրորդ հինգշաբթին նշվում է որպես Տեսողության համաշխարհային օր (World Sight Day):

Օրացույցում այս օրը ներառվել է՝ կուրության, տեսության խանգարումների եւ նման խնդիրներ ունեցող մարդկանց վերականգնման ուղղությամբ գլոբալ ուշադրություն հրավիրելու նպատակով: Այս օրը նաեւ«2020-ի տեսլական. տեսողության իրավունք» կուրության կանխարգելման գլոբալ նախաձեռնությունների հիմնական իրադարձությունն է, որը ստեղծել են ԱՀԿ-ն ու Կուրության կանխարգելման միջազգային գործակալությունը:

Խրոնիկ կուրության առաջատար պատճառներից են կատարակտը, գլաուկոման, դեղին բծի տարիքային դեգեներացիան, ոսպնյակի մթագնումը, տրախոման եւ երեխաների աչքերի հիվանդությունները (օրինակ՝ պայմանավորված A վիտամինի դեֆիցիտով): Աշխարհում ավելի ու ավելի լայն տարածում են ստանում տարիքի հետ, ինչպես նաեւ չվերահսկվող դիաբետի հետեւանքով առաջացող կուրությունը:

Կուրության կանխարգելման միջազգային գործակալության տվյալներով՝ շուրջ 284 մլն մարդ տեսողության հետ կապված խնդիրներ ունի, նրանցից 39 մլն-ն ընդհանրապես չի տեսնում: Աչքերի հիվանդություններ ունեն ավելի քան 19 մլն երեխաներ: Ընդ որում, ժամանակին բուժվելու դեպքում կուրության դեպքերի շուրջ 80%-ից հնարավոր է խուսափել: