Երկու հիվանդի մահից հետո St. Jude Medical Inc ընկերությունը հետ է կանչել իր կարդիոխթանիչները: Ենթադրվում է, որ մահվան պատճառը նրանց օրգանիզմում տեղադրված կարդիոխթանիչների լիտիումային մարտկոցների վաղաժամ լիցքաթափումն է:
Ընկերությունն իր կարդիոխթանիչները ներկայացրել է 2010 թվականին: Ըստ արտադրողի՝ այդ սարքերի մարտկոցները պետք է առնվազն 7 տարի գործեն՝ մինչեւ լիարժեք լիցքաթափումը: Լիցքի ավարտի մասին հիվանդը պետք է իմանա սարքի վիբրացիայի շնորհիվ, եւ դրանից հետո 90 օրվա ընթացքում բժշկի դիմի՝ մարտկոցը փոխելու համար:
Հայտնի է, որ մահացած հիվանդներից մեկի կարդիոխթանիչը լիցքթափման մասին «տեղեկացրել է» պլանային փոխարինումից մի քանի օր առաջ: Երկրորդ հիվանդի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:
St. Jude Medical Inc-ը տեղեկացրել է, որ առաջիկայում մինչեւ 2015 թվականի մայիսի 23-ն արտադրված եւ մարտկոցով աշխատող շուրջ 400 հազար սարք են հետ կանչելու: Ավելի ուշ արտադրված մոդելներում նոր՝ կատարելագործված սնուցման աղբյուրներ են օգտագործվում:
Արտադրողներն ընդգծել են, որ եթե սարքը նորմալ է աշխատում, կարդիոխթանիչի պրոֆիլակտիկ փոխարինում չի պահանջվում: Նրանց խոսքով՝ վիրահատության ընթացքում բարդությունների վտանգն ավելի մեծ է, քան մարտկոցների վաղաժամ լիցքաթափման վտանգը:






