Հայաստանում ներդրվելու է շտապօգնության նոր տեղեկատվական-վերլուծական համակարգ, որը հնարավորություն կտա առցանց հետեւել շտապօգնության մեքենաներին եւ նրանց աշխատանքն ավելի արդյունավետ դարձնել։ Այս մասին մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց Locator կոչված համակարգը մշակող կազմակերպության ներկայացուցիչ Սեւակ Մինասյանը։

«Շտապօգնության տեղեկատվական-վերլուծական համակարգը նախատեսված է շտապօգնության ծառայության աշխատանքի հեշտացման եւ արդյունավետության բարձրացման համար», - ասաց Մինասյանը։

Ինչպես նշեց նա, շտապօգնության մեքենաների վրա տեղադրվում է GPS համակարգ, եւ դիսպետչերները հնարավորություն են ստանում առցանց, օնլայն ռեժիմով հետեւել մեքենաներին եւ ստանալ տեղեկատվություն, թե որտեղ են նրանք գտնվում եւ ինչ ուղղությամբ են շարժվում։ Համակարգի միջոցով դիսպետչերը կարող է նաեւ իմանալ, թե որ մեքենան ինչի համար է նախատեսված եւ ինչ անձնակազմ ունի։ Այս ամենը կօգնի նրան արագ ու ճիշտ որոշում կայացնել եւ կանչին ուղարկել ամենամոտ գտնվող եւ ամենահարմար մեքենան։

Բացի այդ, շտապօգնության մեքենաների մեջ տեղադրվելու են պլանշետներ, որոնց միջոցով բժիշկը կարող է շատ արագ տեղեկանալ այն մասին, թե ինչ կանչի է մեկնում, ով է հիվանդը, ինչ խնդիր ունի, ինչ բժշկական անցյալ ունի եւ քանի անգամ ու ինչ գանգատներով է արդեն դիմել շտապօգնությանը։

Ըստ Մինասյանի՝ որպեսզի այս համակարդը լավ գործի, անհրաժեշտ է ստեղծել տվյալների կենտրոնացված բազա ողջ հանրապետության համար։ Այդ բազայում մուտքագրվելու են բոլոր կանչերի մասին տեղեկությունները, իսկ հետագայում հնարավոր կլինի ստանալ հաշվետվություններ եւ վերլուծական ու վիճակագրական տվյալներ ցանկացած ժամանակահատվածի համար։

«Այս համակարգը հնարավորություն կտա բարձրացնել բուժօգնության որակը եւ մատչելիությունը, կանչերը հնարավոր կլինի ավելի արագ իրականացնել, իսկ տեղեկատվությունը՝ ավելի արագ փոխանցել», - իր հերթին ասաց Առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը, ավելացնելով, որ շատ երկրներում այսպիսի համակարգ դեռ չի օգտագործվում։

Ինչ վերաբերվում է համակարգի ներդրման ժամկետներին, Վահան Պողոսյանը նշեց, որ ամեն ինչ արվելու է՝ ծրագրային աշխատանքները մի քանի ամսից վերջացնելու համար։