Համաշխարհային բանկի առողջապահական թիմի ղեկավար, առողջապահության գլխավոր մասնագետ Սուսաննա Հայրապետյանի եւ «Հայաստանում արդյունավետ եւ ներառական համընդհանուր առողջապահական ծածկույթի (ՀԱԾ) ապահովման» առաջադրանքի թիմի ղեկավար, առողջապահության ոլորտի տնտեսագետ Ռուզել Ֆ. Լավադոնի հետ հանդիպման ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանին ամփոփ ներկայացվել են 1997 թվականից ի վեր դոնոր կազմակերպության կողմից Հայաստանում իրականացված ծրագրերը։
Սուսաննա Հայրապետյանը կարեւորել է, որ այդ ծրագրերը համահունչ են եղել երկրի կարիքներին եւ կառավարության գերակա ուղղություններին։ Համաշխարհային բանկը, համաձայնագիր կնքելով պետության հետ, ծրագրերի շրջանակում ծախսվող գումարների եւ իրականացվող աշխատանքների որակի նկատմամբ խիստ վերահսկողություն է իրականացնում։ Բազմաբնույթ ուղղություններից նշվել են ինչպես գյուղական բնակավայրերում առաջնային օղակի զարգացման եւ ընտանեկան բժշկի ինստիտուտի ներդրման, այնպես էլ` մարզային հիվանդանոցային համակարգի օպտիմալացման եւ արդիականացման ծրագրերը։ Դրանց զուգահեռ իրականացվել են ոչ պակաս կարեւորության ինստիտուցիոնալ եւ կառավարման ոլորտի բարեփոխումներ, ներդրվել են ֆինանսավորման նոր մեխանիզմներ եւ այն։
Հանդիպման ընթացքում կարեւորվել է իրականացված ծրագրերի գնահատման, դրանց արդյունավետության չափման շարունակականության ապահովումը։ Այս առումով շոշափելի են նաեւ սկրինինգային ծրագրերի սպասվելիք արդյունքները։ Սուսաննա Հայրապետյանը բարձր է գնահատել ՀՀ ԱՆ Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի թիմի կողմից կատարված աշխատանքները։
Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ նաեւ քննարկվել են առողջապահության ոլորտում առկա խնդիրները, առաջիկա անելիքները։
Սուսաննա Հայրապետյանը հայտնել է համակարգի համընդհանուր գնահատման, ինչպես նաեւ առանձին ուղղություններով գրանտային միջոցներով առաջնահերթ ծրագրեր իրականացնելու Համաշխարհային բանկի պատրաստակամությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում առավել մանրամասն քննարկել համագործակցության եզրերը։






