Գիտնականները բացատրել են, թե ինչու են կանայք ավելի հաճախ սթրես ապրում, քան տղամարդիկ: Նյու Յորքի Ռոքֆելլերների համալսարանի հետազոտողների կարծիքով՝ սթրեսի հանդեպ տղամարդկանց կայունությունը բացատրվում է այն հանգամանքով, որ նրանց օրգանիզմում հատուկ սպիտակուց կա, որը որոշակի պայմաններում արգելափակում է տագնապի իրավիճակների հետ կապված ուղեղի շղթան: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell ամսագրում:
«Դա չափազանց արտասովոր ֆենոմեն է, քանի որ այն բջիջները, որոնք պատասխանատու են այդ արձագանքի համար, կանանց եւ տղամարդկանց ուղեղում միեւնույն տեսքն ունեն եւ երկուսի մոտ էլ նույն քանակությամբ են առկա: Չափազանց հազվադեպ է լինում, երբ միեւնույն բջիջները տարբեր սեռի ներկայացուցիչների պարագայում տարբեր կերպ են արձագանքում միեւնույն իրավիճակին»,- ասել է հետազոտողների խմբի ղեկավար Նաթանիել Հայնցը:
Մասնագետներն այս բացահայտումն արել են մկների վրա անցկացված գիտափորձի արդյունքում: Ուսումնասիրելով էգերի ուղեղում նյարդային բջիջների շղթան, որոնք «պատասխանատու են» սիրո եւ երջանկության համար, գիտնականները հայտնաբերել են, որ նույնպիսի շղթաներ կան արուների ուղեղում:
Սակայն այս նեյրոնային շղթաների «միանալուն» արձագանքը արուների եւ էգերի մոտ տարբեր է եղել: Արուները սթրեսային իրավիճակում հայտնվելուց հետո պարզապես դադարել են տագնապ զգալ:
Բջիջների պարունակության անալիզից հետո պարզվել է, որ պատճառը CRHBP հորմոնն է, որն այս բջիջներն արտադրում են սթրեսային իրավիճակներում: Հենց դա է արուների մոտ արգելափակում սթրեսի հորմոնների ամբողջ շղթայի սինթեզին:






