Երեխաների «Hipp Organic» հատիկային նախաճաշերը, որում վերջերս մետաղական լար են հայտնաբերել, Հայաստան չի ներկրվում, իսկ հայկական շուկայում առկա մյուս նախաճաշերն անվտանգ են: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին տեղեկացրեցին Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչությունից:

«Տեղեկացնում ենք, որ խնդիր առաջացրած Hipp Organic-ի նշված արտադրատեսակից եւ խմբաքանակից Հայաստանի տարածք չի ներմուծվել»,- նշել են տեսչության մասնագետները:

Հիշեցնենք, որ օրերս տեղեկատվություն էր տարածվել, որ մանկական սնունդ արտադրող գերմանական «Hipp» ընկերությունը շուկայից հետ է կանչել արտադրանքի մի մասը, քանի որ դրանցում մետաղական լարեր են հայտնաբերվել:

Մասնավորապես, հետ են կանչվել Hipp Organic հատիկային նախաճաշերը՝ 140 գրամ, ժամկետային մակնշմամբ՝ 19.01-03.03.2017 եւ արտադրանքի հետեւյալ համարներով՝ L190416 / L020616 / L200417 / L030616»:

Ավելի վաղ Հայաստանում Hipp ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Կարապետյանը նույնպես տեղեկացրել էր, որ այդ մթերքը Հայաստան երբեք չի ներկրվել, այդ պատճառով դրա հետկանչի մասին հաղորդագրությունը մեր երկրին չի վերաբերում: