Հոկտեմբերի 10-18-ը Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում հետազոտել են 1045 կանանց ու բացահայտել կրծքի քաղցկեղի 47 նոր դեպք։ Այս մասին լրագրողներին պատմել է Կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը։

Նրա խոսքով կենտրոնի բացման օրվանից սկսած այնտեղ հետազոտվել է ավելի քան 500 000 կին, նրանցից 300 000-ը կրծքագեղձն է հետազոտել։ Այդ ժամանակահատվածում հայտնաբերել են կրծքի քաղցկեղի մոտ 11 000 նոր դեպք, որոնցից 6200-ը՝ վաղ փուլում, երբ ուռուցքը դեռ չէր էլ շոշափվում։ Այդ բոլոր կանայք, ինչպես նշեց տնօրենը, եկել էին հետազոտության զուտ կանխարգելիչ նպատակներով՝ չունենալով որեւէ ախտանիշ։ Քանի որ քաղցկեղը նրանց մոտ դեռ ամենավաղ փուլում էր, փոքր վիրահատությունից հետո նրանք առողջացել են ու այսօր նրանց մոտ ամեն ինչ լավ է։

Խաչանուշ Հակոբյանը հիշեցրեց, որ թվային մամոգրաֆիան միակ միջոցն է, որով կարելի է կրծքագեղձի քաղցկեղը հայտնաբերել ամենավաղ փուլում, երբ ուռուցքը դեռ փոքր ոլոռի չափսեր ունի ու մեծամասամբ բուժելի է։

Նշենք, որ հոկտեմբերի 10-ից սկսած՝ Հայ- ամերիկյան առողջության կենտրոնում գործում են կրծքագեղձի մամոգրաֆիկ ու սոնոգրաֆիկ հետազոտությունների զեղչեր։ Մամոգրաֆիան հիմա կարելի է անցնել 20 000 դրամի փոխարեն 15 000 դրամով, իսկ սոնոգրաֆիան՝ 7500 դրամով; Հետազոտության համար գրանցվել պետք է հոկտեմբերի ընթացքում, սակայն բուն հետազոտությունը կարող է լինել նաեւ հետագա ամիսներին։