Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերի հետ հանդիպման ընթացքում  ներկայացրել է 2017 թվականին բժշկական կազմակերպություններում պետական պատվերի տեղադրման այն մեխանիզմները, որոնք նվազագույնի կհասցնեն կոռուպցիոն ռիսկերը։ Նույն ձեւաչափը կկիրառվի նաեւ պետության կողմից  կենտրոնացված կարգով ձեռք բերվող դեղերի բաշխման ժամանակ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը։

Նախարարն առանձնացրել է նաեւ համակարգում ներդրվող ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարման հարցը` ներկայացնելով այս ուղղությամբ առաջիկա ծրագրերն ու քայլերը։

«Մեր հիմնական խնդիրներից մեկն էլ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումն է»,- նշել է Լեւոն Ալթունյանը` հայտնելով, որ այս ուղղությամբ ուսումնասիրվում է Ֆինլանդիայի փորձը, որտեղ 25 տարում կարողացել են 4,5 անգամ նվազեցնել մահացության ցուցանիշը` պայմանավորված սրտանոթային, ուռուցքային  հիվանդություններով,  շաքարային դիաբետով եւ ոչ վարակիչ այլ հիվանդություններով։

Դեսպանը նշել է, որ նախարարի ներկայացրած ծրագրերն ու դրանց իրականացման համար ընտրված ճանապարհները համահունչ են Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում  իրականացվող քաղաքականությանը։  Իսկ ինչ վերաբերում է ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, ապա այդ ուղղությամբ իր երկիրը եւս կարող է օգտվել Ֆինլանդիայի հարուստ փորձից։

Մաթիաս Քիսլերը հաջողություններ է մաղթել նախարարին եւ կառավարությանը հավակնոտ ծրագրերի իրականացման գործում։