Բժշկական երկրորդ կարծիքի ինստիտուտը, Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումայանի հանձնարարությամբ, սկզբնական փուլում կներդրվի 3-4 մասնագիտությունների գծով` կիրառելով Երեւան-մարզ հեռուստաբժշկության հնարավորությունները։ Այնուհետև, վերլուծելով արդյունքները, կընդգրկվեն ավելի շատ մասնագիտություններ։ Իսկ վարկանշային մակարդակների սահմանման գործընթացը կիրականացվի փուլ առ փուլ` առաջնահերթությունը տալով դեղատներին և ստոմատոլոգիական կլինիկաներին։
Այս հարցերը դիտարկվել են նախարարի մոտ «Բժշկական ծառայությունների որակի բարելավմանն ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների» իրականացման ընթացքը քննարկելիս, NEWS.am Medicine-ին հայտնեցին ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից։
Համաձայն հաղորդագրության, ըստ առանձին ոլորտների ամփոփվեցին կատարված աշխատանքները, ներկայացվեցին նախարարի հանձնարարությամբ վերլուծությունների հիման վրա մշակված ծրագրերը։ Արձանագրվեց, որ բոլոր ուղղություններով աշխատանքներն ընթանում են հաստատված ժամանակացույցով։
Նախարարն առաջարկեց բուժաշխատողների արդեն մշակված էթիկական կոդեքսն ուղարկել մասնագիտական ասոցիացիաների քննարկմանը։
Նախարարը մեծապես կարեւորեց տնային տնտեսություններում իրականացվող հետազոտության ընդլայնումն ու դրա շրջանակներում կոռուպցիոն ռիսկեր պարունակող հնարավոր պատճառների եւ հետեւանքների վերլուծությունը` նպատակակետ սահմանելով «գրպանից դուրս» ծախսերի առավել տարանջատումը եւ բնակչության շրջանում կոռուպցիայի ընկալման գնահատումը։
Քննարկվեցին նաեւ ռեֆերենս լաբորատորիայի ստեղծման, պետական պատվերի շրջանակներում հիվանդանոցային բուժօգնություն ստացած քաղաքացիների բավարարվածության թերթիկների, անկանխիկ վճարումների ներդրման մեխանիզմները և մի շարք այլ հարցեր։






