Հնդկաստանում ծնողները փրկել են իրենց անհաս երեխային՝ նրան դնելով սառույցի պահպանման պոլիպրոպիլենային կոնտեյների մեջ: Նրանք դա արել են բժշկի խորհրդով, եւ երեխային այնտեղ պահել են 5 ամիս, փոխանցում է Fox News-ը:

Միտիլեշ Չաուհանը ծնվել է 2013-ի հոկտեմբերին Մումբաիի Alliance Hospital հիվանդանոցում՝ ժամանակից երկու ամիս շուտ: Ծնվելիս նա կշռել է 1,5 կգ եւ բժշկական մշտական հսկողության կարիք է զգացել, քանի որ վարակիչ հիվանդության բարձր ռիսկ է ունեցել: Միտիլեշի ծնողները՝ Արունան ու Ռամսեհ Չաուհանը, ի վիճակի չեն եղել վճարել ինտենսիվ թերապիայի համար:

«Alliance Hospital-ի բժիշկներից մեկը մեզ խորհուրդ տվեց երեխային դնել սառույցի համար նախատեսված տուփի մեջ՝ դրա վրա օդափոխության համար անցքեր անելով եւ տաքության համար 60 վատտ հզորությամբ լամպեր դնելով»,- Cover Asia Press-ին տված հարցազրույցում պատմել է 34-ամյա Արունա Չաուհանը:

«Դա սարսափելի էր»,- ասել է կինը: «Մենք գաղափար չունեինք՝ ինչ անել, բայց պետք էր ինչ-որ բան ձեռնարկել, քանի որ գիտեինք, որ եթե ոչինչ չանեինք, նա կմահանար, բայց այն, ինչ մենք անում էինք, եւս վստահություն չէր ներշնչում: Դա սարսափելի ժամանակ էր»:

Միտիլեշը ողջ է մնացել այն բանից հետո, երբ նրան 5 ամիս պահել են տուփի մեջ, բայց նա մինչեւ հիմա նորմայից պակաս է կշռում: Հիմա նա Wadia մանկական հիվանդանոցում է, որի ղեկավարությունը, իմանալով  երեխայի դեպքի մասին, անվճար բուժում է առաջարկել: