Մինչեւ 2 տարեկան երեխաները չպետք է որեւէ կապ ունենան տեխնոլոգիայի հետ, 3-5 տարեկանում օգտագործման ժամանակը պետք է սահմանափակվի օրական մինչեւ մեկ ժամ, 6-18 տարեկանում՝ օրական մինչեւ երկու ժամ, փոխանցում է Huffington post-ը՝ հղում անելով Մանկաբուժության ամերիկյան ակադեմիային եւ Մանկաբուժության կանադական միությանը:

Երեխաներն ու դեռահասները 4-5 անգամ գերազանցում են սահմանված չափը, ինչը կարող է լրջորեն վնասել նրանց առողջությանը: Շարժական սարքերը (բջջային հեռախոսներ, պլանշետներ, էլեկտրոնային խաղեր) կտրուկ ավելացրել են երեխաների հասանելիությունն ու նրանց տեխնոլոգիաներ օգտագործելը, հատկապես՝ շատ փոքր երեխաների շրջանում: Ահա թե դա ինչպիսի խնդիրներ կարող է առաջացնել՝

1. Ուղեղի բուռն աճ

Մինչեւ երկու տարեկանը երեխայի ուղեղը մեծանում է 3 անգամ եւ շարունակում է բուռն աճել մինչեւ 21 տարեկանը: Նորագույն տեխնոլոգիաների (բջջային հեռախոս, ինտերնետ, iPad, հեռուստացույց) միջոցով զարգացող ուղեղի չափազանց գրգռումը, պարզվել է, կարող է ուշադրության պակաս, ճանաչողական գործառույթների խախտում, սովորելու հարցում դժվարություններ, ինքնավերահսկման մակարդակի անկում առաջացնել:

2. Ուշ զարգացում

Տեխնոլոգիայի օգտագործումը սահմանափակում է շարժումները, ինչը կարող է հանգեցնել աճի ուշացման: Հիմա երեխաների մեկ երրորդը դպրոց է գնում՝ հետ մնալով զարգացման հարցում, ինչը բացասաբար է անդրադառնում նրանց գրագիտության եւ առաջադիմության վրա: Շարժումը մեծացնում է ուշադրությունն ու սովորելու ունակությունը: Մինչեւ 12 տարեկանը տեխնոլոգիայի օգտագործումը վնասակար է երեխայի զարգացման եւ ուսման համար:

3. Ճարպակալման համաճարակ

Հեռուստատեսությունն ու տեսախաղերն ուղղակիորեն կապված են ճարպակալման հետ: Երեխաների շրջանում, որոնց թույլատրված է իրենց ննջասենյակում սարք օգտագործել, ճարպակալման դեպքերը 30%-ով ավել են: Կանադացի 4 երեխայից եւ ամերիկացի 3 երեխայից մեկը ճարպակալմամբ է տառապում: Ճարպակալում ունեցող երեխաների 30%-ը հետո տառապում է դիաբետով, իսկ գեր մարդիկ առավել ենթակա են վաղ կաթվածի եւ ինֆարկտի ռիսկին, ինչը զգալիորեն կրճատում է նրանց կյանքի տեւողությունը: Ճարպակալման պատճառով 21-րդ դարի երեխաները կարող են առաջին սերունդը լինել, որոնք իրենց ծնողներից երկար չեն ապրի:

4. Քնի խանգարումներ

Ծնողների 60%-ը չի վերահսկում երեխայի տեխնոլոգիա օգտագործելը, իսկ երեխաների 75%-ին թույլատրվում է սարքեր օգտագործել իրենց ննջասենյակում: 9-10 տարեկան երեխաների 75%-ը գործնականում լիաժեք չի քնում:

5. Հոգեկան հիվանդություններ

Նորագույն տեխնոլոգիաների չափից շատ  օգտագործումը մանկական ընկճախտի, անհանգստությունների, չշփվող տեսակի, ուշադրության պակասի, աուտիզմի, երկբեւեռ խանգարման, փսիխոզի եւ երեխաների խնդրահարույց վարքի աճող թվի հիմնական պատճառն է:

 6. Ագրեսիա

ԶԼՄ-ներում բռնության մասին նորությունը կարող է երեխաների շրջանում ագրեսիայի նոպաներ առաջացնել: Փոքր երեխաները մեծապես ենթակա են սեքսի, սպանությունների, բռնության, տանջանքների եւ վնասվածքների մասին հաղորդումների ազդեցությանը:

7. Թվային թուլամտություն

Խելահեղ արագությունը, որով փոխվում են հաղորդումները, կարող է հանգեցնել ուշադրության պակասի, կենտրոնացման ու հիշողության թուլացման:

8. Կախվածություն

Քանի որ ծնողներն ավելի ու ավելի են կապվում տեխնոլոգիաներին, նրանք կամաց-կամաց հեռանում են իրենց երեխաներից: Ծնողական հոգատարության բացակայության պայմաններում երեխաներն ավելի շատ են հակվում դեպի սարքերը, ինչը հանգեցնում է կախվածության:

 9. Ճառագայթում

2011-ի մայիսին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բջջային հեռախոսները (եւ այլ անլար սարքեր) դրանց արձակած ճառագայթման պատճառով դասակարգել է որպես 2B (հնարավոր քաղցկեղածիններ) տեսակի ռիսկ: