Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) կաջակցի բոր-նեյտրոնաորսիչ թերապիայի կլինիկական փորձարկումներին, որը կարող է արդյունավետ լինել մաշկի, պարանոցի եւ թքագեղձի քաղցկեղը բուժելիս: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի լրատվական կենտրոնը:
ՄԱԳԱՏԷ-ն այսօր Ճապոնիայի Օկայամայի ազգային համալսարանի հետ համաձայնագիր է ստորագրել բոր-նեյտրոնաորսող թերապիայի (ԲՆՈԹ) կատարելագործման մասին, որը ճառագայթային թերապիայի մեթոդներից մեկն է եւ օգտագործվում է քաղցկեղային հիվանդությունները բուժելիս:
Ըստ եռամյա համաձայնագրի՝ ՄԱԳԱՏԷ-ն եւ Օկայամայի համալսարանը համատեղ ուժերով ԲՆՈԹ հետ կապված գիտական հետազոտություններ եւ ծրագրեր կիրականացնեն:
ՄԱԳԱՏԷ-ն եւ համալսարանը փորձի փոխանակում կկատարեն ԲՆՈԹ ոլորտում, որը ներկայումս կլինիկական փորձարկումների փուլում է: Առաջին արդյունքները վկայում են, որ այս թերապիան կարող է օգտագործվել մաշկի, պարանոցի եւ թքագեղձի քաղցկեղային հիվանդությունները բուժելիս
ՄԱԳԱՏԷ-ն երկրներին աջակցում է ճառագայթային թերապիայի արդյունավետ կիրառում ապահովելու եւ քաղցկեղի բուժման առաջավոր տեխնոլոգիաների օգտագործման համար:
Քաղցկեղային հիվանդությունների վաղ հայտնաբերումը եւ բուժման ժամանակակից մեթոդները վճռորոշ նշանակություն ունեն մահացածության նվազեցման տեսակետից: Սակայն, ՄԱԳԱՏԷ-ի տվյալներով, աղքատ երկրներից շատերի համար այս խնդիրն անիրագործելի է: 21-րդ դարում աշխարհի 36 երկրներ մինչ օրս ռադիոթերապիա կատարելու հնարավորություն չունեն:






