Ամերիկյան հետազոտողները D վիտամինի նոր հատկություններ են բացահայտել, որոնք այն յուրահատուկ են դարձնում նմանատիպ մյուս միացությունների համեմատությամբ:

«D վիտամինը փոխազդում է երկարակեցության հայտնի գեների հետ. այն 33%-ով երկարացնում է կյանքի միջին տեւողությունը, դանդաղեցնում հարյուրավոր սպիտակուցների աննորմալ ֆոլդինգը»,- հայտնել է Բաքի համալսարանից հետազոտության հեղինակ Գորդոն Լիթգոուն:

Գիտնականները պարզել են, որ D3 վիտամինի կլոր որդերը, որոնք վերածվում են D վիտամինի ակտիվ տեսակի, ճնշում են սպիտակուցների, մասնավորապես՝ բետա-ամիլոիդների չլուծվելու հատկությունը: Դրանց կուտակումը համարվում է Ալցհեյմերի հիվանդության առաջացմանը նպաստող գործոններից մեկը:

Հետազոտողները նշում են, որ չնայած Caenorhabditis elegans-ի վրա անցկացված փորձին, իրենց եզրահանգումները կիրառելի են նաեւ մարդու պարագայում: Մասնագետների կարծիքով՝ կլոր որդերի եւ մարդկանց ծերացման գործընթացը նույն օրինաչափությանն է ենթարկվում:

D վիտամինն առաջատար դեր ունի կալցիումի կլանումը կարգավորելու եւ ոսկրային հյուսվածքների աճը խթանելու գործում: Ապացուցված է դրա արդյունավետությունը կրծքագեղձի քաղցկեղի, ինչպես նաեւ ճարպակալման, սրտի հիվանդությունների եւ դեպրեսիայի կանխարգելման հարցում:

«Հնարավոր է, որ եթե D վիտամինի դեֆիցիտ ունեք, ավելի արագ եք ծերանում, այդ պատճառով ավելի մեծ հակվածություն ունեք քաղցկեղի կամ Ալցհեյմերի հիվանդության հանդեպ»,- ենթադրում է Լիթգոուն: