Զգուշացում. նյութը բաց վիրահատությունների լուսանկարներ է պարունակում

«Աստղիկ» բժշկական կենտրոնում վերջերս արված հետաքրքիր վիրահատությունների մասին պատմելու խնդրանքին ի պատասխան` Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Յուրի Պողոսյանը խոստովանում է, որ իր կյանքի ընթացքում այնքան տարբեր վիրահատություններ է կատարել, որ հիմա դժվարանում է այդ ամենից ընտրել համընդհանուր հետաքրքրություն ունեցող դեպքեր, քանի որ իր համար դա պարզապես առօրյա աշխատանք է։

Մինչ մենք միասին համակարգչում աչքի ենք անցկացնում «Կլինիկական դեպքեր» թղթապանակի նյութերը, բժիշկը բացատրում է, որ դիմածնոտային բժշկությունը զբաղվում է զանազան էթիոլոգիայի տարատեսակ հիվանդություններով: Եթե դրանք բաժանենք խմբերի, ապա կարելի է տարբերակել վարակային բնույթի հիվանդություններ` ֆլեգմոնաներ, ադենոֆլեգմոնաներ, օստեոմիելիտ (ոսկրերի թարախակալում), հայմորիտներ եւ այլն, ուռուցքային հիվանդություններ` բարորակ եւ չարորակ, վնասվածքներ` դիմային ոսկորների, քթի եւ այլ կոտրվածքներ: Բացի այս, տարբերակվում են նաեւ քունք-ստործնոտային հոդերի հիվանդություններ, որոնց մի մասը բուժվում է կոնսերվատիվ եւ ոչ վիրահատական եղանակով, ինչպես նաեւ դիմածնոտային բնածին ձեւախեղումներ եւ արատներ:

Կարծես թե հետաքրքիր դեպք այդ թղթապանակում գտնվեց` հիվանդի մոտ օստեոնեկրոզի պատճառով ծնոտային դեֆեկտ է. ոսկորը ծնոտի մի կողմում պարզապես բացակայում է:

«Ծնոտային թերությունների դեպքում կատարում ենք ոսկրածնոտային վիրահատություններ: Դեֆեկտներ կարող են առաջանալ ուռուցքների հեռացումից հետո կամ օստեոնեկրոզի հետեւանքով, օրինակ, թմրամոլների մոտ: Գոյություն ունեն վերականգնման տարբեր միջոցներ` աուտոոսկորների (սեփական ոսկորներ), ալոգեն (այլ մարդու ոսկորներ) կամ քսենոգեն (կենդանական ծագմամբ) ոսկորների օգտագործմամբ»,- պատմում է բժիշկը:

Բժիշկը ցույց է տալիս լուսանկարները եւ մեկնաբանում. սկզբում ծնոտի պակասող մասի համար պատրաստել են մետաղական հենք (կարկաս), կորացրել են այն ծնոտային ոսկորների ձեւով եւ ամրացրել:

Հետո հիվանդի ոտքից կտրել են ոսկորի կտոր, որը բաժանել են մասերի, դրել մետաղական հենքի վրա, փակցրել, ապա վերքը կարել:

Ոտքից կտրված ոսկորի փոխարեն քսենոգեն ոսկրից եւ տրոմբոցիտներով հարուստ պլազմայից պատրաստված հատուկ նյութ են լցրել, ծածկել թաղանթով եւ կարել:

 Եւ ահա թե վերջում ինչպիսի արդյունք է ստացվել:

 

Եվս մի հետաքրքիր դեպք՝ վիրաբույժի թղթապանակում. լիպոմայի (ճարպային ուռուցք) հեռացում:

Դա ստանդարտ վիրահատություն է, միայն թե ուռուցքը շատ մեծ է եղել` 13 սմ երկարությամբ, եւ հասնում էր գանգի հիմքին:

Վիրահատության ժամանակ հարկ էր եղել հատել հիվանդի ծնոտը` ուռուցքի հիմքին հասնելու համար, իսկ հետո այն նորից ֆիքսել մետաղական կապերով:

Վերադառնալով հարցին, թե էլ ինչով է զբաղվում դիմածնոտային վիրաբուժությունը, Յուրի Պողոսյանը նշեց, որ իրենք հիվանդներին նախապատրաստում են ատամնային իմպլանտացիայի: Նրա խոսքով, երբեմն ծնոտում չեն բավարարում ոսկորները` իմպլանտն ամրացնելու համար, երբեմն էլ հարկ է լինում բարձրացնել հայմորյան ծոցի հատակը, որպեսզի իմպլանտները տեղավորվեն բերանի խոռոչում:

Այս բաժանմունքում արվում է նաեւ ռինոպլաստիկա՝ հիմնականում երբ քթի միջնապատը ծռված է, ինչպես նաեւ էսթետիկ նկատառումով, բայց սա արդեն այլ թեմա է: