Շատ հնարավոր է՝ հանգենք նրան, որ բժիշկների աշխատավարձերը սկսենք կենտրոնացված եղանակով վճարել՝ մեկ վայրից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը՝ պատասխանելով առողջապահության ոլորտում կոռուպցիայի մասին հարցին։

Նախարարը նշել է, որ կոռուպցիա չի համարում այն դեպքերը, երբ բժիշկները կամ կրտսեր բուժանձնակազմը հիվանդներից փող են պահանջում։ Նրա խոսքով՝ դա դրամաշորթություն է։

«Կոռուպցիան այն է, երբ բժիշկը շպապօգնության վարորդին վճարում է, որ վերջինն իր մոտ բերի հիվանդին, կամ երբ բժիշկները դեղ գնելու համար հիվանդներին որոշակի դեղատուն են ուղարկում։ Հենց գումարը սկսում է շրջանառել՝ այդ պահից սկսվում է կոռուպցիան»,- ասել է նա։

Նախարարը նշել է, որ երբ կարդում է անվճար բուժօգնության տրամադրման կարգն ու չի հասկանում, կամ երբ որեւէ դրույթ հնարավոր է երկակի մեկնաբանել ու ըստ մեկնաբանության՝ պետական ֆինասնավորում տրամադրել կամ չտրամադրել, դա կոռուպցիոն օրենսդրություն է։ «Իմ խնդիրն է՝ առավելագույնս հեշտացնել դա։ Որպեսզի մի տողը լրացնելիս հասկանալի լինի, թե հաջորդ տողում պետպատվերի գումարն ինչքան պետք է կազմի»,- ասել է նա։ Դա, նախարարի խոսքով, առաջին քայլն է։

«Երկրորդ՝ հնարավոր է, որ մենք հանգենք նրան, որ բուժաշխատողներին կենտրոնացված եղանակով վճարենք, մեկ վայրից։ Քանի որ մենք ստանում ենք տեղեկություններ, որ բուժհաստատություններում բժիշկներին աշխատավարձ չեն տալիս։ Դա նշանակում է, որ նրանք պետք է իրենք հայթայթեն իրենց փողը»,- ասել է Լեւոն Ալթունյանը։

Նա հավելել է, որ առողջապահության ոլորտում կոռուպցիայից խուսափելու համար պետք է ծառայությունների համար ճիշտ գներ սահմանել, որպեսզի գումարի բավարար մասը հասնի բուժող բժիշկներին ու անձնակազմին։

Նկատենք, որ հիմա պետությունը ֆինանսավորում է բուժհաստատություններին, իսկ բուժհաստատությունների աշխատակազմերն իրենք են այդ գումարից բժիշկներին աշխատավարձ նշանակում։ Բայց շատ հաճախ բժիշկները դժգոհում են, որ դուրս գրված աշխատավարձերն իրենք չեն ստանում ու ստիպված են լինում հույսները դնել հիվանդների տված գումարների վրա։